Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

35 զոհված ուսանողների հիշատակը վառ կմնա․ Մանկավարժականի բակում խաչքար բացվեց (տեսանյութ)

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 35 ուսանողների հիշատակը ևս մեկ անգամ հավերժացավ համալսարանի բանասիրական ֆակուլտետի բակում տեղադրված խաչքարի տեսքով։

Իրենց ընկերների նկարները բարձր պահած՝ ուսանողները, ծնողներն ու հարազատները, հիշողություններից թաց աչքերով, հետևում էին խաչքարի օծմանը։

Հրետանավոր, մաթեմատիկոս Սմբատ Մազմանյանի մայրը տղայի զոհվելու լուրը հեռուստացույցով է իմացել։ Նա զոհվել է երեք ընկերների հետ պատերազմի առաջին օրը՝ բեկորային վնասվածքներից՝ կիսատ թողնելով ծրագրերը։ Ուզում էր նաև մագիստրատուրայում սովորել․ «Զանգեց, ասեց՝ մա՛մ, ես մեկ է՝ բանակից հետո կարող եմ անվճար նորից շարունակեմ։ Ստելլան, ասեց, իմ կուրսի աղջիկն է, հետեւս կանգնած է, եթե ես գործերս տամ, ինքը անվճար չի ընդունվի մագիստրատուրա, երեւի զիջեմ, իրեն։ Ասեցի՝ հա, բալե՛ս, էդպես էլ արա ու ինքն իր տեղը զիջեց համակուրսեցուն»։

25-ամյա Ավետիք Կարճիկյանը հասցրել էր մագիստրատուրան ավարտել, սակայն մայրը՝ Անժելան, պատմում է՝ նոր էր աշխատանքի ընդունվել, չհասցրեց աշխատել, սեպտեմբերի 31-ին պահեստազորայինների հետ մեկնեց առաջնագիծ․ «Ծնող ենք, դեմ կանգնեցինք, ասեց՝ մամա՛, էս թուղթն էլ չգար, ես գնալու էի, որ չկանչեին էլ, ես գնալու էի։ Կյանքը սիրող տղա էր, էդքան կյանք սիրող ու կյանքը տվեց։ Բանակում, կռվի ժամանակ իր մականունը «դոկտոր» են դրել՝ շատ կյանքեր է փրկել»։

Ավետիքը մորը վերջին անգամ ասել է՝ ամեն ինչ շատ լուրջ է։ Տիկին Անժելայի խոսքով՝ դրանից հետո հասկացել են, որ վիճակը ծանր է, քանի որ տղան իրենց միշտ հանգստացնում ու հույս էր տալիս։

Իսկ ոեժիսուրայի բաժնի՝ անմահացած շրջանավարտ Ալեն Մարգարյանին, ասես, արդեն բոլորն են ճանաչում։

«Ալենն ամենուր էր՝ մշակույթի մեջ, արվեստի մեջ, ապրում էր արվեստով, մշակույթով, պատմությամբ, աշխարհի բոլոր թանգարանների, պատկերասրահների մշտական սիրահարն էր Ալենը», - պատմում է մայրը՝ Նազելին։

Ալենը Բոստոնի համալսարան էր ընդունվել ու թեև երկու տարվա տարկետման իրավունք ուներ, հրաժարվել էր ու նամակ գրել համալսարանին․ ««Շնորհակալ եմ բազմահազարանոց դիմորդներից ինձ նախապատվությունը տալու համար, մեծ պատիվ է ինձ համար դառնալ համալսարանի անդամ, բայց հայրենիքիս սահմաններն իմ պաշտպանության կարիքն ունեն եւ իմ պարտքն է լինել հայրենիքիս կողքին»։

Եվ այդ պարտքի բարձր գիտակցությամբ, ամենայն լրջությամբ հասկանալով, թե ուր է գնում, ինչն է զոհում, այնուամենայնիվ, չընկրկեց։

Մեկուկես ամսվա ծառայող էր, երբ ընկերներին օգնություն տանելու ճանապարհին անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվեց զինակիցների հետ։

«Չորս օր գտնվելով պատերազմական արհավիրքի գոտում, ամենաթեժ կետում՝ Մատաղիսում, Թալիշում, փայլուն գիտակցում էր՝ ինչ է սպասվում։ Ամեն անգամ ասում էր՝ հպարտացե՛ք մեզնով, մա՛մ, ինչ կարողանում, անում ենք։ Ալենի պահվածքը մահ էր գիտակցված, որ տարավ դեպի անմահություն», - ասում է Ալենի մայրը։

Մանկավարժական համալսարանի բակում տեղադրված խաչքարը Ծիծեռնավանքի մասունքներից է՝ թվագրված 1601 թվականին։

Բացումից հետո՝ տղաների նկարներն առջևից տանելով, հարազատները, դասախոսներն ու ընկերները քայլերթով շարժվեցին դեպի Եռաբլուր։