Հորդորում եմ մեր քաղաքացիներին պատվաստվեն՝ արձակուրդին երկրից դուրս գալու համար․ Ավանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հերիքնազ
Տիգրանյանը հետաքրքրվեց, թե վերջին շրջանում համավարակով պայմանավորված սահմանափակումներում ինչ
փոփոխություններ են տեղի ունեցել ՝ մասնավորապես ճամփորդելու հետ կապված։
ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ
փոփոխություն է կատարվել դիմակներ կրելու հետ կապված՝ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելու
պարտադիր պահանջ չի գործելու․ «Հուլիսի 1-ից որոշակի բացառություններով կգործի նաև փակ տարածքում կրելու պահանջի փոփոխություն։ Ես խոսում եմ այստեղ և դիտարկելով դիմացս նստած պատգամավորներին՝ մտածում եմ՝ արդյո՞ք պարտադիր էր դիմակ կրելը, երբ դահլիճում քչերն են դիմակ կրում»։
Հայաստանում այժմ համաճարակի ընդհանուր տեմպի նվազում կա՝ նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ նպատակահարմար են
գտնում, որ այս սահմանափակումն այլևս չգործի։ Ավանեսյանը նշեց, որ կրանտինի մասին որոշումը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մտցնել որոշ սահմանափակումներ և երբ պետք է՝ հանել դրանք։
«Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանը հատելուն, արդեն իսկ մի շարք երկրներ, այդ թվում՝ Եվրամիության
կազմում գտնվողները և մեր հարևան Վրաստանը փոփոխություններ են կատարել, և քաղաքացիները կարող են
սահմանը հատել, եթե ունեն բացասական թեստ և պատվաստված են։ Այն տենդենցը, որ նկատում էինք, ընթանալու է,
և կարելի է ասել՝ առաջանցիկ կերպով մենք փոփոխություններ մտցրեցինք․ նույնակերպ փոփոխություններ այլ
երկրները նույնպես մտցնում են։ Ուստի, պետք է հորդորեմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ կերպով պատվաստվեն, որ
առաջիկա արձակուրդներին պատրաստ լինեն դուրս գալու ՀՀ-ից և այլ երկրներ մուտք գործելու», - ասաց Անահիտ
Ավանեսյանը։