Ինչո՞ւ Վահե Էնֆիաջյանը չկա ԲՀԿ ցուցակում. ովքեր են առաջին 20 անունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը քիչ առաջ ԿԸՀ-ին ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա լրագրողների հետ զրույցում կարդաց կուսակցության առաջին տասնյակի թեկնածուների անունները, որը գլխավորում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Այնուհետև Աբովյանը անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ կուսակցության առանցքային դեմքերից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ընդգրկված չէ ցուցակում․ «Գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն և գոյություն ունի տրամաբանություն, որ ցանկացած քաղաքական ուժ, եթե ուզում է լինել լիարժեք, պետք է լինեն փոփոխություններ և ճանապարհ հարթվի նաև նոր մարդկանց համար, երիտասարդների համար»։
Աբովյանը պնդեց՝ Վահե էնֆիաջյանը շարունակում է լինել իրենց թիմի անդամը, հորդորեց մութ սենյակում սև կատու չփնտրել։
Հետընտրական շրջանում հնարավոր կոալիցիաների հարցին ի պատասխան Աբովյանն ասաց՝ կոալիցիաների ֆորմատներ չեն քննարկում և չեն դիտարկում․ «Մենք գնում ենք հաղթելու, և մենք հաղթելու ենք»։
Աբովյանը հայտնեց՝ ցուցակում ունեն 90-ից ավելի թեկնածուներ։