Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ ցանկալի ֆուտբոլիստների լավագույն տասնյակում

Իտալական La Gazzetta dello Sport թերթը կազմել է անվանի ֆուտբոլիստների լավագույն տասնյակ, որոնք անցած մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակ են ձեռք բերել և այժմ առաջարկների են սպասում տարբեր ակումբներից: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի կնքած պայմանագիրը Հռոմի «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:

Թե որտեղ կշարունակի իր կարիերան մեր ֆուտբոլիստը դեռևս հայտնի չէ: Ըստ աղբյուրի, հայ ֆուտբոլիստը հավանաբար կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ: Իհարկե, այդ տարբերակում կա մեկ խանգարող գործոն` Հենրիխ Մխիթարյանի և հռոմեական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի լարված հարաբերությունը:

Համենայդեպս, թերթի թղթակիցները կարծոմ են, որ կողմերը ընդհանուր լեզու կգտնեն և հայ ֆուտբոլիստը կմնա Հռոմում: Իսկ ահա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն հավանաբար անվճար կտեղափոխվի «Բարսելոնա»:

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող: Իսպանական ակումբի ավագ Սերխիո Ռամոսի համար պայքար են մղում ֆրանսիական «ՊՍԺ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Թերթի ցանկալի տասնյակում են նաև Մարիո Բալոտելին, Ֆրանկ Ռիբերին, Էլսայիդ Հիսայը, Հական Չալհանօղլուն, Ջիորջինիո Վեյնալդումը, Մեմֆիս Դեպայը: