Բացել լրահոսը Փակել լրահոսը
15809
A A
Հասարակություն

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանը հետապնդվում է ԱԱԾ-ի կողմից․ հայտարարություն

2021թ․ մայիսի 20-ին ժամը 17։00-ի մոտակայքում ՀՀ ԱԱԾ մի քանի քննիչներ և օպերլիազորներ այցելել են Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանի բնակության վայր և տեղեկացրել են, որ դատարանի որոշման հիման վրա պետք է խուզարկություն իրականացնեն նրա բնակարանում։

Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարությունից։

Դրանում ասվում է․

Խուզարկություն իրականացնող ԱԱԾ պաշտոնատար անձինք Սաշիկ Սուլթանյանին արգելել են օգտվել հեռախոսից, զանգահարել փաստաբանին։ Այդ նույն օրը խուզարկություններ են իրականացրել նաև կազմակերպության գրասենյակի տարածքում, ինչպես նաև կազմակերպության լրատվական խմբագիր Մուրազ Շամոյանի և կամավոր Ամո Սադոևի բնակարաններում և ավտոմեքենաներում։

Մուրազ Շամոյանին հարցաքննել են մայիսի 21-ին ութ ժամ անընդմեջ՝ առանց հանգստի։ Մ․ Շամոյանին հարցաքննող Կասիմյան ազգանունով քննիչը հարցաքննության ընթացքում, ասել է, թե «արևմտյան ՀԿ-երը պիտի փակվեն»: Քրեական գործը, որի շրջանակներում իրականացվել են վերը նշված հակաիրավական գործողությունները, հարուցվել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ԱԱԾ-ին հասցեագրված հաղորդման մեջ հաղորդում տված անձը որպես ազգամիջյան թշնամանք հրահրող գործողություն է որակել իրաքյան եզդիալեզու լրատվական միջոցներից մեկի լրագրողի հետ զրույցը, որն այնուհետև հրապարակվել է որպես հարցազրույց, որում Սաշիկ Սուլթանյանը ներկայացրել է ՀՀ ազգությամբ եզդի քաղաքացիների մարդու իրավունքների խախտումների մասին իր կարծիքը եւ գնահատողական դատողությունները։

Անհասկանալի է, թե ինչու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ի սկզբանե չի մերժել քրեական գործի հարուցումը, առ այն, որ փաստերի հիման վրա կարծիքի արտահայտումը, ամենավառ երևակայության դեպքում անգամ, հնարավոր չէ գնահատել որպես ազգային կամ էթնիկական թշնամանքի հարուցման կամ հրահրման գործողություն։ Այսպիսով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է գործի ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական սկզբունքների ոգուն և բնույթին համապատասխան, անցել է իր լիազորությունները եւ կամայական մեկնաբանության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածը, փոխանակ անհետևանք թողնելու ի սկզբանե անհիմն հաղորդումը, ակնհայտ հալածանք է սկսել եզդիական իրավապաշտպան կազմակերպության եւ նրա անդամների նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը համարում ենք ակնհայտ հակասահմանադրական և մարդու իրավունքների պաշտպանության և նրան աջակցող կազմակերպությունների դեմ քաղաքական հետապնդման գործողություն, որը բնորոշ է բռնապետական ռեժիմներին։ Առանց թշնամանքի հրահրում խորհրդանշող որեւէ խոսքի կամ գործողության, ՀՀ քաղաքացու կողմից փաստերի հիման վրա եզդիական համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին ներկայացված կարծիքը եւ գնահատողական դատողությունները կարող են մենկնաբանվել որպես թշնամանքի հրահրում միայն հատուկ դիտավորության դեպքում, ինչով այդ դեպքում աչքի է ընկել ԱԱԾ-ն:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը ընդամենը ներկայացրել է խնդիրները: Նման նախադեպով ԱԱԾ-ն խափանում է ազգային կամ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ այլոց կողմից փոքրամասնություններին վերաբերվող խտրական կամ մարդու իրավունքներին վերաբերվող այլ խնդիրների հրապարակային արծարծումն ընդհանրապես: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը Սաշիկ Սուլթանյանի և նրա գործընկերների նկատմամբ: ՀՀ վարչապետից պահանջում ենք պատշաճ վերահսկություն իրականացնել իրեն ենթակա ԱԱԾ նկատմամբ, հակառակ դեպքում այս ապօրինի հալածանքը հավակնում է խայտառակ խարան դնել Հայաստանի առանց այդ էլ խարխված ժողովրդավարական կարգի վրա: