Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրապատոնին ռիսկի է դիմել

Սպորտ
56ad70c924b3b902aa17af5949c917e3

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին դեռեւս երեկ հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք Հայաստան - Իռլանդիա ընտրական խաղում կընդգրկվեն թիմի մեկնարկային կազմում:

Մեկնաբանելով Տրապատոնիի ընտրությունը` իռլանդական լրատվամիջոցները գտնում են, որ իտալացի մասնագետը մեծ ռիսկի է դիմել: Բանն այն է, որ իռլանդացիների կիսապաշտպանության եզրերում հանդես են գալու վնասվածքներից դեռեւս լիովին չապաքինված Լայամ Լոուրենսը եւ խաղային փորձի պակաս ունեցող Էյդեն Մաքգիդին: Ինչպես փաստում են լրագրողները, Հայաստան մեկնելուց առաջ անցկացրած հատուկ մարզմանը, որի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել եզրային փոխանցումներին, սույն ֆուտբոլիստները հաճախ չեն կարողացել գնդակը փոխանցել մինչեւ տուգանային հրապարակի կենտրոն:

Ներկայումս լավ մարզավիճակում չեն նաեւ մեկնարկային կազմում ընդգրկված դարպասապահ Շեյ Գիվենը, պաշտպան Ռիչարդ Դանը եւ հարձակվող Ռոբի Քինը: Սակայն Տրապատոնին նշել է, որ ինքը վստահում է բոլոր ֆուտբոլիստներին, հատկապես թիմի ավագին:

«Քինը իսկական պրոֆեսիոնալ է: Նա միշտ չէ հանդես գալիս իր թիմի կազմում եւ ես քննարկել եմ այդ հարցը նրա հետ: Բայց այս պահին կարեւոր են ազգային թիմի շահերը: Վստահ եմ, որ հավաքականի խաղերին մենք կտեսնենք իսկական Ռոբի Քինին», - ասել է 71-ամյա փորձառու մարզիչը:

Ջիովանի Տրապատոնին հայտարարել է, որ անգամ համաձայն է դժգույն խաղի Երեւանում, միայն թե թիմը հաղթանակ տոնի առաջին մրցավեճում: Ինչ վերաբերում է բուքմեյքերներին, ապա նրանք հավատում են Իռլանդիայի հավաքականի հաղթանակին: