Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դուք եք որոշո՞ւմ՝ մենք ապրելու ենք, թե չէ․ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Հանրայինի եթերում իր արտահայտած այն մտքին, թե «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ» և դրանից հետո հնչող քննադատություններին․

«Ցավում եմ, որ իմ ելույթը, որն ունեցա Հանրային հեռուստատեսությամբ, վերածվեց մանիպուլյատիվ ինչ-որ ելույթի, որովհետև ընդամենը 10 վայրկյանանոց հատված կտրվեց։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ մենք ամայի տարածքներ չենք պաշտպանում։ Մենք խոսում ենք ՀՀ սահմանի ներքո գտնվող տարածքների մասին, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և բանակի պաշտպանության ներքո է։ Եվ, այո, մեր բանակը պաշտպանում է նաև մեր ժողովրդին, ինչ-որ մեկն ուզում է առարկե՞լ սրա դեմ։ Ինչո՞ւ եմ սա ասում և ինչո՞ւ եմ դարձել մանիպուլյացիայի զոհ, մի պարզ պատճառով, որովհետև համարձակվեցի այդ քննարկման ժամանակ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների անվանել 5-րդ շարասյուն»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը հայտարարեց՝ այսօր մարդիկ կան, որ իրեն ձեռնոց են նետել, ասում են՝ իրավունք չունի ապրել ՀՀ- ում․«Ինչի՞ տեղ եք ձեզ դրել, դուք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե չէ։ Դուք եք որոշելո՞ւ, թե էս ժողովուրդը ում ընտրի, ոնց ընտրի, թե՞ ձեռներդ մի երկու կոպեկ փող է ընկել, էն էլ մեր փողերն ա, որոշել եք էդ փողերով ևս մեկ անգամ մեզ ստորացնել։

Ցավում եմ, որ այսպիսի մանիպուլյատիվ եղանակներով ենք մենք մոտենում նախընտրական քարոզարշավին։ Ցավում եմ, որ երկրի սահմանին, ՀՀ ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում հայտնվել են թշնամական ուժեր, և այս ընթացքում մարդիկ կան, որոնք ոչ թե փորձում են միավորվել և էդ ուժերին դուրս մղել, ասում են՝ մենք կգանք կդզենք։ Դզող եք, կանգնեք կողքներս դզեք, կարա՞ք, մեր երկին է, մեր բանակն է։ Անկախ իշխանությունից՝ մենք ունենալու ենք մեկ երկիր և մեկ բանակ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Վարդանյանը քաղաքական ուժերին կոչ արեց լինել կառուցողական, հարգել ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացուն, դադարեցնել ցանկացած տեսակի սաբոտաժները, լրտեսությունը և դիվերսիաները, կենտրոնանալ նախընտրական պայքարի վրա։

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել էր Վարդանյանի հիշյալ արտահայտությանը և նշել, թե այդպես մտածող մարդը ոչ թե պատգամավոր չի կարող լինել,նա ուղղակի Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա. «Ի՞նչ է նշանակում՝ ամայի տարածքներ: Ամեն երկրի մոտավորապես 10-15 տոկոսն է բնակավայր, հիմա ինչ, մնացածը պետք է հանձնե՞լ: Ես չգիտեի, որ Հայաստանում կան, շնչում են նման կարգի մարդիկ, ովքեր ունեն նման մտածելակերպ»: