Առանց պետական աջակցության
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ), որը ստեղծվել է 2009 թվականին «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, անգամ առանց պետական աջակցության շարունակում է ակտիվ գործունեությունը եւ իրականացնում է նոր ծրագրեր` հաշմանդամային սպորտը հանրապետությունում զարգացնելու նպատակով:
«Մենք առաջարկով դիմել ենք Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին եւ խնդրել հնարավության սահմաններում ֆինանսական օգնություն ցույց տալ, սակայն մեզ պատասխանել են, որ առաջիկա 5 տարիներին դա հնարավոր չէ», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՍՀԱՖ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանը:
Սակայն դա այնքան էլ չի մտահոգում պարալիմպիկ երկու խաղերի մասնակցին, որքան այն, որ մարզադպրոցներում չկա գոնե մեկ «հաշմանդամային» խմբակ: «Հանրապետությունում գործում են պետության կողմից ֆինասավորվող 166 մարզադպրոց, բայց դրանցից ոչ մեկում գոնե մեկ հաշմանդամ երեխա չի ընգրկված»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, ՀՍՀԱՖ-ի նախագահը նաեւ ուրախալի լուր հայտնեց լրագրողներին: Առաջիկա երկու ամիսներին «Սպորտով դեպի հասարակություն» խորագրի ներքո ֆեդերացիան կկազմակերպի հանրապետական մրցաշարեր 5 սպորտաձեւերից. «Դրանցից երկուսը, գոլբոլն ու բոչիան տիպիկ հաշմանդամային ձեւեր են, իսկ մյուս երեքը դասական սպորտաձեւեր` առագաստանավային սպորտ, սեղանի թենիս, լող»:
Նշենք, որ առաջին երկու ձեւերի առաջնությունները կազմակերպելու է ՀՍՀԱՖ-ը, իսկ մյուսները` այդ մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաները: Սեպտեմբերի 4-ին կմեկնարկի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների լողի ՀՀ առաջնությունը:
Ահա մնացած մրցումների գրաֆիկը.
11-12 սեպտեմբերի` ՀՀ բոչիայի առաջնություն
25-26 սեպտեմբերի` հաշմանդամ մարզիկների ՀՀ առագաստանավային առաջնություն
9-10 հոկտեմբերի` հաշմանդամ մարզիկների ՀՀ սեղանի թենիսի առաջնություն
23-24 հոկտեմբերի` ՀՀ գոլբոլի առաջնություն: