Բացել լրահոսը Փակել լրահոսը
950618
A A
Քաղաքականություն

Որևէ ուժ մինչ այս պահը դիմում չի ներկայացրել ԿԸՀ

Որևէ կուսակցություն կամ դաշինք մինչ այս պահը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

Նշենք, որ ԿԸՀ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 26-ն է, սակայն արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գերակշիռ մասը նույնիսկ չի հայտարարել՝ ինչ ցուցակով է գնալու ընտրությունների։

Խորհրդարանական ամենամեծ խմբակցության՝ ԲՀԿ-ի քարտուղար Արման Աբովյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դիմումը ԿԸՀ կներկայացնեն Սահմանադրությամբ և օրենքով սահմանված ժամկետների ընթացքում։ Թե երբ, Աբովյանը չհստակեցրեց, նաև հավելեց՝ ցուցակը պարզ կլինի ԿԸՀ ներկայացնելու օրը։

Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի՝ ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ կայացած համագումարում հայտարարել էր, որ վերջնական ցուցակ դեռ չեն կազմել, քանի որ իրենց հարթակը բաց է նոր դեմքերի և ուժերի համար։

Մարուքյանը նաև չէր բացառել, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունները չեն կայանալու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ամենայն հավանականությամբ դիմումը ԿԸՀ կտանեն մայիսի 26-ին․ այս պահին ցուցակի վերջնական ճշգրտման աշխատանքներ են տարվում։

Նշենք նաև, որ  «Հանրապետություն» կուսակցությունը հայտնել է, որ  փաստաթղթերը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով մայիսի 26-ին ժամը 15:00-ին: