Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արմավիր քաղաքում մայիսի 28-ին 9 նոր քանդակ կտեղադրվի (տեսանյութ)

Քանդակագործ 20-ամյա Լուսինեի և մյուսների աշխատանքները մայիսի 28-ին, մարմին ու ձև ստացած, Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգուց կտեղափոխվեն քաղաքի տարբեր հատվածներ։ Քանդակագործության բաց դասի շրջանակներում Լուսինեի ստեղծած աշխատանքը «Հուսահատություն» է կոչվում։

Ասում է՝ լինում են պահեր, երբ հուսահատ ենք, դժվարություններ կան, բայց միևնույն ժամանակ հույսով սպասում ենք ինչ-որ լույսի։

Նախաձեռնության հեղինակ Ռուբեն Նալբանդյանի խաչքարերի վարպետաց դպրոցը գործում է արդեն 5 տարի, որտեղ այժմ 60 աշակերտ սովորում է նաև ազգային պար, գորգագործություն, նկարչություն։ Այս բաց դասը կազմակերպվել է Արմավիրի քաղաքապետարանի հետ համատեղ։

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ միջոցառումը երիտասարդների հետաքրքրությունը մեծացնում է մեր արվեստի, պատմական ժառանգության նկատմամբ․ «Այստեղ հնարավորություն ունեն ինչպես քաղաքի, այնպես էլ մարզի տարբեր դպրոցների աշակերտներ ներկա գտնվելու քանդակագործության վարպետաց դասին։ Սա ինչպես հետաքրքիր մշակութային միջոցառում է, այնպես էլ դաստիարակչական։ Հույս ունեմ, որ այս աշակերտներից շատերի մոտ սեր կառաջանա դեպի արվեստը եւ ապագայում այստեղից լավ քանդակագործներ եւ խաչքարագործներ դուրս կգան»։

Հազարից ավելի խաչքարի հեղինակ Ռուբեն Նալբանդյանը նշեց, որ քանդակագործությամբ իրենք վերականգնում են թշնամու տարածքում մնացած հայկական եկեղեցիների քանդակները, կրկնօրինակում խաչքարերը՝ մեր հիշողության մեջ դրանց պատկերները պահելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը մեր պահանջը ներկայացնելու համար։

Քանդակագործ Հովհաննեսն էլ ասում է՝ խաչքարը կապն է Աստծո և մարդու միջև։ Հին ժամանակներում խաչքարերը տեղադրում էին պատերազմից առաջ և հետո աստծուն շնորհակալություն հայտնելու համար։ Ջուղայի 5-րդ դարի խաչքարերի վրա անգամ հարսանիք խորհրդանշող պատկերներ կան։