Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Genesis Armenia համահայկական գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը

Genesis Armenia համահայկական գիտավերլուծական հիմնադրամ/ուղեղային կենտրոնը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության (Հայաստան, ՀՀ) դեմ Ադրբեջանի Հանրապետության (Ադրբեջան, ԱՀ)  շարունակվող զինված հարձակումը, ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների սադրիչ և սպառնալից գործողությունները, դրանք համարում՝

 

  1. միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, նորմերի, օրենսդրության ու միջպետական հարաբերությունների կոպտագույն խախտում,
  2. ԱՀ և նրա դաշնակից Թուրքիայի՝ պետականորեն կազմակերպված, համակարգված և իրագործված հակահայ քաղաքականության շարունակություն,  
  3. ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ իշխանության անկարողության ու անգործության դրսևորում, անպատասխանատու, չհաշվարկված և ոչ հետևողական քաղաքականության արդյունք, որն իրական սպառնալիք է հայկական զույգ պետությունների և հայության գոյության համար: 

 

Հիմք ընդունելով, որ՝ 

 

  • ՀՀ իշխանության ստորագրած ցանկացած փաստաթուղթ կամ միջազգային պայմանագիր, որն իր բնույթով քաղաքական է կամ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը պետք է ներկայացնել ՍԴ, այնուհետև ԱԺ քննարկմանը, իսկ ՀՀ ինքնիշխան և տիտղոսային տարածքների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը կարող են ստորագրվել միայն հանրաքվեից հետո, 
  • ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությանն առնչվող ցանկացած գաղտնի պայմանավորվածության կամ արկածախնդիր հայտարարության իրագործումը չափազանց ռիսկային է և պարունակում է անվտանգային անդառնալի կորուստներ,
  • 2021 թ. մայիսի 17-ին ՀՀ ԱԺ-ում և Կառավարությունում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի արած բանավոր հայտարարությունը, թե պատրաստվում է Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել երրորդ հայտարարություն, որով ՀՀ և ԱՀ միջև տեղի է ունենալու գծանշում և տեղորոշում (դեմարկացիա և դելիմիտացիա), 
  • ՀՀ միջպետական հարաբերությունների կարգավորման համատեքստում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ՀՀ Բարձր դատարանը՝ ՍԴ-ն, ունի նախադեպային որոշում՝ 2009 թ. ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ,

 

Genesis Armenia-ն ՀՀ իշխանությունից պահանջում է՝

 

  • Անհապաղ դադարեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ին հրապարակված, ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը չսպասարկող  հայադավ Հայտարարության (Միջազգային պայմանագրի, Փաստաթղթի) հրապարակված և թաքնված գաղտնի պահվող (մասնակի կամ ամբողջական) կետերի կամ բանավոր պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
  • ՑԱՆԿԱՑԱԾ տարբերակով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման համար։
  • Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ապահովել անվտանգային համապատասխան բանաձև, որը կստիպի ագրեսոր Ադրբեջանին՝ զորամիավորումներն անհապաղ դուրս բերել ՀՀ տարածքից և/կամ հայտարարել համազգային մոբիլիզացիա և պատրաստվել՝ դիմակայելու ՀՀ միջազգային իրավասուբյեկտայնությունը վիճարկող, ՀՀ տարածքային ամբողջությունը ոտնահարող ագրեսորին:
  • Դադարեցնել ՀՀ և ԱՀ միջև գծանշման և տեղորոշման աշխատանքներն սկսելու վերաբերյալ խորհրդակցությունները կամ պայմանավորվածությունները, դրանք դարձնել հրապարակային, ստուգել նման հայտարարությունների սահմանադրականությունը: 
  • Տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակելու ԱՀ պաշտոնական հայտարարություններն ընդունել ի գիտություն, սառեցնել ՀՀ մասնակցությունը դրանց իրագործմանը կամ գաղտնի քննարկումները նվազագույնը մինչև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ սահմաններից և այդ հարցերի հայաստանանպաստ և հայանպաստ լուծումների քննարկումը թողնել ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող իշխանությանը՝ բացառելով նման քննարկումների իրականացումը պարտված կառավարության կողմից՝ օտարերկրյա պետության կողմից ուժի սպառնալիքի ներքո:
  • ՀՀ և Արցախի Սահմանադրություններով ամրագրված այն տարածքները, որոնք 2020 թ. սեպտեմբերի պատերազմի հետևանքով անցան Ադրբեջանի հսկողության տակ, դրանք համարել օկուպացված՝ մինչև Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումը: 

 

Genesis Armenia 

համահայկական գիտավերլուծական 

հիմնադրամ/ուղեղային կենտրոն