A
A
Ստեղծվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտե
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ «5165» շարժոման և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից հրավիրված հավաքում հայտարարվեց նաև «Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի» ստեղծման մասին, որն այսօրվանից կլծվի բանակի, Զինված ուժերի առկա կարիքները հոգալու աշխատանքներին։
Ներկայացվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի պահանջը, որն ուղղվելու է ՀՀ կառավարությանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՀԱՆՋԸ
Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ որևէ փաստաթուղթ չստորագրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար հանդես եկող Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ հետևյալ պատճառներով.
1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, քանի որ չի վայելում Հայաստանի ազգաբնակչության վստահությունը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի հարցում ՀՀ գործող իշխանությունների ունեցած մեղավորությամբ ու պատասխանատվությամբ: Իսկ ազգաբնակչության վստահությունը չվայելող անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից կատարել որևէ գործարք, որ կվերաբերի նրա սահմաններին ու տարածքին:
2. Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում՝ որպես Ադրբեջանի անքակտելի տարածք, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան որոշ տարածքների զիջում: Սա դավաճանություն է հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, ինչպես նաև անարգանք Արցախի ինքնորոշման պայքարի համար իրենց կյանքը զոհած մեր բազմահազար նահատակների հիշատակին:
3. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոմունիկացիաների բացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա թուրք-ադրբեջանական միջանցք ստեղծելու գործընթացի բաղկացուցիչ մասն է, ինչը կործանարար ազդեցություն կարող է ունենալ հայոց պետականության համար հատկապես արցախյան հարցի չկարգավորվածության, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և Ադրբեջանում բազմաթիվ ռազմագերիների առկայության պայմաններում:
Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝ Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն պահանջում է Նիկոլ Փաշինյանից հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը (այդ թվում՝ կստեղծի այդպիսի իրավական հիմք):