Բունդեսլիգան ավարտվեց. Լևանդովսկին ռեկորդ սահմանեց, իսկ «Վերդերը» 41 տարի անց դուրս մնաց լիգայից
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր եզրագիծը հատեց ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգան:
Վերջին տուրում հիմնականում պետք է որոշվեր առաջնության վերջին անհաջողակը, քանի որ վաղուց արդեն հայտնի էին ուժեղագույնները: Դրանք էին Մյունխենի «Բավարիան», Լայպցիգի «Ռեդ Բուլը» և Դորտմունդի «Բորուսիան», որոնք զբաղեցրին 1-3-րդ տեղերը:
Իսկ ահա Բունդեսլիգայի հնաբնակ Բրեմենի «Վերդերը» սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և հայտնվեց նախավերին տեղում: Բրեմենյան ակումբը 41 տարի անց դուրս մնաց ուժեղագույնների լիգայից:
Գերմանացի ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում ավելի շատ գտնվում էր «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Բանն այն է, որ նրան ընդամենը մեկ գնդակ էր բաժանում հանրահայտ Գերդ Մյուլլերի ֆանտաստիկ ռեկորդից, որը 50 տարի առաջ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփել էր 40 գոլ:
Մյունխենյան ակումբը 5:2 հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին», սակայն լեհ ֆուտբոլիստը մեծ դժվարությամբ հասավ իր նպատակին: Նա իր 41-րդ գոլը հեղինակեց հանդիպման վերջին րոպեին, երբ մրցավարը պատրաստվում էր ազդարարել խաղի վերջը: Այդպիսով, լեհ հարձակվողը ֆանտաստիկ նոր ռեկորդ սահմանեց Բունդեսլիգայում:
Հավելենք, որ «Հոֆենհայմը» թիմը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, ավարտական խաղում 2:1 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային» և վաստակած 43 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: Մեր ֆուտբոլիստն այդ խաղում դարձավ գոլի հեղինակ: