Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նաիրա Զոհրաբյան
A A
Քաղաքականություն

Հիմա պաշտոնապես դիմում եմ Հայաստանում Իրանի դեսպանին․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, արդեն անկուսակցական Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Ես չէի անդրադառնա այս խնդրին, եթե այսօր հայկական մամուլն այդ մասին արդեն չբարձրաձայներ։

Տևական ժամանակ է անհետ կորած բազմաթիվ ծնողներ ինձ տեղեկատվություն են փոխանցում, որ ունեն հավաստի տեղեկություններ, անգամ հեռախոսազանգեր, որ իրենց որդիները պատերազմի օրերին՝ Արցախի հարավային մասից՝ Ջաբրայիլի հատվածից, հատել են Իրանի հետ պետական սահմանն ու գերեվարված են Իրանում։

Ավելին, ծնողներից մեկը հստակ նշեց Իրանի բնակավայրը՝ Ամանդի գյուղի զորամաս, ուր, ըստ իրենց հասած տեղեկության, պահվում են հայ զինվորները, որոնք համարվում են սահմանահատներ։

Տևական ժամանակ է ես զբաղվում եմ  այս խնդրով և այս  հարցը քանի անգամ քննարկել եմ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով վստահեցրել է, որ նման բան չկա։ Ավելին, մի քանի ծնողներ անգամ Թավրիզ են հասել ու հանդիպել հայ սրբազանի հետ և կրկին պատասխանը եղել է, որ նման բան չկա։

Ես պաշտոնապես դիմել  եմ Իրանի արտաքին գործերի նախարարին և ինձ պատասխանել են, որ նամակը ստացված է և որոշ ժամանակ անց ինձ կպատասխանեն։ Դեռ պատասխան չկա։ Ռուսաստանի իմ գործընկերների միջոցով կապ ենք հաստատել իրանցի մի քանի գեներալի հետ, ովքեր ևս ո'չ հերքել, ո'չ հաստատել են տեղեկությունն ու ժամանակ են խնդրել հստակ պատասխան տալու համար։

Կրկնում եմ՝ այս պահին դեռ չէի բարձրաձայնի այս խնդիրը և կշարունակեի լուռ զբաղվել ծնողների հետ, եթե մամուլն արդեն այս հարցը չհրապարակայնացներ։

Բնականաբար, ցնցող էր Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը՝ որ իրենք այս թեմայով մեկնաբանություն չունեն։

Հարյուրավոր ծնողներ ամեն օր ապրում են գոնե մի լուր ստանալու հույսով, իսկ սրանք, պարզվում է, մեկնաբանություն չունեն։

Հիմա պաշտոնապես դիմում եմ Հայաստանում Իրանի դեսպանին, քանի  Հայաստանի պաշտպանության նախարարը անհասկանալի բիոզանգված է՝ ընդունել այն մայրերին, ովքեր որոշակի տեղեկատվություն կարող են փոխանցել Իրանում իրենց որդիների հնարավոր գտնվելու վերաբերյալ, լսել մայրերին ու փորձել ամիսներ ձգվող այս մղձավանջը հանգուցալուծել»։