Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Աժ դիմաց իրավիճակը թեժացավ. ոստիկանությունը դիմեց գործողությունների (տեսանյութ)

Ոչ պաշտոնական աղբյուրներում Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթի հրապարակումից և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե ստորագրելու է այդ փաստաթուղթը, որովհետև այն 100 տոկոս հայանպաստ է, ժամեր անց կառավարության մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանից չստորագրել ոչ մի փաստաթուղթ և Հայաստանին նոր պարտավորությունների առաջ չկանգնեցնել․

«Հասարակությունը չի վստահում իշխանությունների խոսքերին, մենք նոյեմբերի 9-ին ականատես եղանք ժողովրդից գաղտնի փաստաթղթի ստորագրմանը, այսօր խոսվում է մեկ այլ փաստաթղթի մասին»,-հայտարարեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այսօր խնդիրը արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանին է վերաբերում։

Մի քանի ժամ Կառավարության մոտ մնալուց և ելույթներից հետո քաղաքացիները շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ ելույթ էր ունենում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Երթի մասնակիցները  ճանպարհին հանդիպող անցորդներին կոչ էին անում միանալ իրենց։

Ազգային ժողովի մոտ արդեն քաղաքացիները՝ ի դեմս փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ոստիկաններից պահանջում էին բացել Ազգային ժողովի դարպասները՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ԱԺ դարպասները պետք է բացվեն ժողովրդի պահանջով։

Ոստիկանությունը ընդառաջ չգնաց քաղաքացիների պահանջին և ԱԺ դարպասները չբացվեցին, քաղաքացիները երկու խմբի բաժանվեցին և մի մասը հերթապահում է Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ թույլ չտալու պատգամավորների և ԱԺ-ում գտնվող կառավարության անդամների ելքն ու մուտքը։

Որոշ ժամանակ անց, Ազգային ժողովի մոտ Բաղրամյան պողոտայում, իրավիճակը թեժացավ, ոստիկանները պահանջում էին բացել ճանապարհը, վերջինները հրաժարվեցին, ոստիկանների և ակցիա իրականացնող քաղաքացիների միջև սկսվեց հրմշտուց, ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին։

Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտ է, ոստիկանությունը ուժեղացված հսողություն է իրականացնում Ազգային ժողովի շենքի հարակից տարածքներում, իսկ ներսում քիչ առաջ միայն ավարտվեց աղմկարհարույց փաստաթղթի հարցով ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը։