Վարդան Մինասյանը համաձայն է ոչ-ոքիի
«Բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր այժմ գտնվում են իմ տրամադրության տակ, լավ վիճակում են եւ պատրաստ են Իռլանդիայի ընտրանու հետ խաղին» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա կրկին հաստատեց, որ թիմի առջեւ դրված մեկ խնդիր` ձգտել հաղթանակի բոլոր հանդիպումներում, անկախ այն բանից, թե որ երկրի հավաքականն է մրցակիցը: Սակայն Վարդան Մինասյանը միաժամանակ գտնում է, որ Հայաստանի հավաքականն այժմ գտնվում է կայացման ճանապարհին, քանի որ թիմում սերնդափոխություն է սկսվել: «Եթե նոր թիմ ես ստեղծում, ապա նախ պետք է այն կայանա: Իմ առաջնահերթ նպատակն է ստեղծել մարտունակ թիմ, ցույց տալ լավ ֆուտբոլ: Իհարկե, բոլորին առաջին հերթին հետաքրքրում են հավաքականի ցույց տված արդյունքները: Մենք կփորձենք այնպես անել, որ թիմը որքան հնարավոր է շուտ սկսի լավ արդյունքներ ցույց տալ»:
Ի դեպ, իռլանդացի լրագրողներից մեկի այն հարցին, արդյոք վաղվա խաղում կգոհացնի ոչ-ոքի արդյունքը, Վարդան Մինասյանը միանշանակորեն պատասխանեց` այո:
Խոսելով մրցակցի մասին, մեր թիմի գլխավոր մարզիչը ասաց, որ Իռլանդիայի հավաքականն տիպիկ բրիտանական թիմ է, շատ արագ եւ ագրեսիվ է գործում, իսկ նրա իտալացի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին իր հերթին նոր որակներ է հաղորդել թիմի խաղին: