Բացել լրահոսը Փակել լրահոսը
նուբարաշենի քկհ
A A
Հասարակություն

«Շուշի» ՔԿՀ-ի դատապարտյալները տեղափոխել են «Նուբարաշեն»

Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը հրավիրել է հերթական նիստը:

Օրակարգում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին  և Արցախի Հանրապետության  դատախազության 2020 թվականի գործունեության  մասին տարեկան հաղորդումների մասին  հարցերն էին:

«Սեպտեմբեր  ամսից Պաշտպանի  աշխատակազմը հիմնականում ընդգրկված է եղել պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների մեջ , ուստի և որոշակիորեն դանդաղել են պաշտպանի հիմնական գործունեության ուղղությամբ աշխատանքները», - իր խոսքում ընդգծել է  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Այդուհանդերձ հաշվետու ժամանակաշրջանում Պաշտպանը իրականացրել է իր կարևորագույն գործառույթը՝ անհատական դիմումների ուսումնասիրությունը և քննարկումը: Պաշտպանի անձնակազմն ստացել է 377 դիմում 481 անձանցից՝ չհաշված պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները: 2019 թ.-ի համեմատ դիմումների թիվը աճել է 143-ով:

2020 թ. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է 2020թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել և 18 հաղորդում ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն: Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման այցեր է  կատարել քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ, քննչական մեկուսարան և ռազմական ոստիկանություն:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով «Շուշի» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին տեղափոխել են ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի արդյունքներով հրապարակվել են Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկու միջանկյալ զեկույցներ, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը,Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ զեկույցը, Քաղաքացիական անձանց սպանության դեպքերի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույցը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ արտահերթ զեկույցը և Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ ՝որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառների վերաբերյալ արտահերթ զեկույցը: Առանձնակի  կարևորություն ունեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ հրապարակված էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ 6 փակ զեկույցները: Պաշտպանը ակտիվ քայլեր է նախաձեռնել նաև արտաքին փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: 200–ից ավելի նամակներ են հղվել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին՝ ներկայացնելով պատերազմի հետևանքները և ստեղծված հումանիտար իրավիճակը:

Հաշվետու ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է ավելի քան 200 մամուլի հաղորդագրություններ: 2020թվականի ընթացքում Պաշտպանը հրավիրել է ավելի քան 10 մամուլի ասուլիսներ:

Այնուհետև Պաշտպանը պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին: