Բացել լրահոսը Փակել լրահոսը
51781
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Պոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Պոլ Գավանին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը ընդգծեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս ԵԽԽՎ-ին եւ բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումները Արցախի եւ հայ ռազմագերիների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը անդրդադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը, որի վերջին դրսուորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր: Խորհրդարանի խոսնակը ներկայացրեց նաեւ ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:

Պոլ Գավանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին ընդունելության եւ իր փաստահավաք աշխատանքները Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ տրամադրած աջակցության համար եւ վստահեցրեց, որ նախապատրաստվող զեկույցը, որը պիտի ներկայացվի ԵԽԽՎ-ում, ամբողջությամբ արտացոլելու է առկա իրականությունը:

Արարատ Միրզոյանը ցավով փաստեց, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է ստեղծում զեկուցողի` Արցախ այցելելության համար, ապա համոզմունք հայտնեց, որ ԵԽԽՎ տարածքում չեն կարող լինել գորշ գոտիներ, եւ անհրաժեշտ է արցախահայերի իրավունքների խախտմանը ծանոթանալ հենց տեղում:

Ի պատասխան գործընկերոջ հարցին` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից եւ վերջ կտա իրականացվող հայատյաց քաղաքականությանը: