Բացել լրահոսը Փակել լրահոսը
1621349850
A A
Քաղաքականություն

Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամի վրա

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սուրբ Հակոբյանց Միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հարձակվել են հրեա երիտասարդներ։ Հարձակումը եղել է Սուրբ Հարության տաճարի ճանապարհին։ Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք և անմիջապես տեղափոխվել  է հիվանդանոց։ Այդ մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։

«Հրեա ծայրահեղականների կողմից նման հարձակումների հաճախ են ենթարկվում Պատրիարքարանի անդամները։ Հարձակվողները 7-ն են եղել, 3 հիմնական մասնակիցները ձերբակալվել են արդեն։ Իսկ Հայր Արբակը հիվանդանոցում համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս է գրվել», - ասաց Հայր Կորյունը։

Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով արդար քննություն կատարել, որպեսզի հանացագործները պատժվեն համաձայն օրենքի՝ հետագայում խուսափելու նման դեպքերից։

«Այսպիսի հարձակման դեպքեր, որի արդյունքում մարմնական վնասվածք հասցվի, շատ քիչ են եղել։ Սա երկրորդ այսպիսի դեպքն է», - նշեց Հայր Կորյունը։

Ըստ նրա՝ նախկինում այսպիսի դեպքերի առնչությամբ դատական գործեր են բացվել, և այս տարի առաջին անգամ դատարանը տուգանել է հարձակվողներից մեկին՝ տուժող կողմին  տրամադրելով դրամական փոխհատուցում։ Այս դեպքով ևս վստահ են՝ դատարանի միջոցով համարժեք որոշում կկայացվի։