Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիգրան Արզաքանցյանը վերադառնում է քաղաքականություն՝ ՀԴԿ-ի հետ հուշագիր ստորագրելով (տեսանյութ)

«Չէի որոշի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել և քաղաքականություն վերադառնալ, եթե երկիրը անդունդի եզրին և նման ծանր վիճակում չլիներ»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ հուշագիր ստորագրելուց առաջ հայտարարեց «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ՀՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։

Նրա խոսքով՝ երկրի իրավիճակից ելնելով՝ որոշեց քաղաքական գործիչներից լավ խումբ ստեղծել և միանալ  Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանն ու գաղափարով, համախմբվածությամբ պիտանի լինել պետությանը․ «2012թ․, երբ դուրս եկա խորհրդարանից, չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց միշտ հետևողական եմ եղել։ Մանավանդ 44-օրյա պատերազմը, որ ձախողված էր, ստիպեց ինձ վերադառնալ»։

Էական չեն նախկինն ու ներկան, նշեց Արզաքանցյանը, նա հրավիրում է բոլոր քաղաքական ուժերին քննարկել ու հասկանալ, թե ինչպես փրկել երկիրն աղետից։

«Ես երկու օր առաջ ականատես եմ եղել, թե ինչպես է թշնամին մեր սեփական հողի վրա զգում իրեն իր երկրում։ Իմ ծննդավայրի մարզում՝ Գեղարքունիքում այդ ամենը ես տեսել եմ, եղել եմ 150-200 կմ հեռավորության վրա։ Այսօր մեր կառավարությունը պետք է ցույց տա, որ մենք ունենք անվտանգ երկիր, բայց դա չի կատարվում։ Ժողովուրդը հուսահատ է, բանակը հրաման չունի», - ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Շուտով  ցույց կտան, թե ինչերի են պատրաստ հանուն հայրենիքի։ Ինքն էլ պատրաստ է իր կապերով, ունակություններով ներդրումներ իրականացնել, ինչպես կատարել է միշտ։

«Մեր այգիներում, ճաշարաններում, զվարճանքի վայրերում երաժշտությունով մարդիկ հանգստանում են։ Ժողովուրդը տեղյակ չէ՞, թե՞ չի հասկանում։ Ժողովուրդ ջան, հանգստանալը շատ լավ բան է, երաժշտությունը նույնպես, բայց հասկացեք՝ մենք ինչի դիմաց ենք։ Ես պատրաստ եմ մեր խմբի հետ չորրորդ տեղ դնել ընտրությունը։ Եկեք հզոր երկիր կառուցենք ու իրար հետ լավ քեֆ անենք, լավ երաժշտություն լսենք», - ասաց Արզաքանցյանը։

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն էլ անդրադարձավ արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ այս պայմաններում իրենց համար ընտրություններ կազմակերպելն անընդունելի էր, սակայն որոշումը կայացվել է և իրենց կուսակցությունը չի կարող չմասնակցել․ «Մոտ օրերս կկայանա կուսակցության համաժողովը, որը կընդունի համագործակցության որոշումն ու կհաստատի նախընտրական ցուցակը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք համագործակցել այլ քաղաքական ուժերի և անհատների հետ։ Կուսակցությունը որոշել է այս անգամ բաց ցուցակով մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ոչ անպայման պետք է լինեն կուսակցության անդամներ և կուսակցականներ»։

Իրենց առաջնային նպատակներն են, նրա խոսքով, պետության անվտանգությունն ապահովելը, հայության համախմբումը, տնտեսական զարգացման հարցը, որտեղ կարևոր են նաև Արզաքանցյանի ունեցած հնարավորությունները, արտաքին հարաբերությունների խնդիրը։

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը և Տիգրան Արզաքանցյանը ստորագրեցին հուշագիրը, որից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։

Հարցին, արդյո՞ք Տիգրան Արզաքանցյանը 5 տարի շարունակ մշտական բնակվել է երկրում և ընտրություններին մասնակցելիս որևէ խնդիր չի առաջանա, նա պատասխանեց՝ ինքը միշտ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ավելի հստակ՝ Գավառում․

«Ես իմ գրանցումից ոչ մի անգամ դուրս չեմ եկել։ Եթե ես Հայաստանում չեմ եղել, ուրեմն գնացել, զբաղվել եմ արդյունավետ աշխատանքով ու վերադարձել եմ իմ մայրենի հող՝ մեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Ես միշտ կապեր եմ ստեղծել ու պայմանագրեր եմ կնքել։ Ես MTS ընկերությանը հրավիրել եմ Հայաստան, ուսումնասիրել են և իմ պայմաններից է եղել, որ իրենք շահույթները պետք է տրամադրեն ՀՀ սոցիալական տարբեր ծրագրերին»։