Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որոշվել է, թե որտեղ է անցկացվելու ԱԹՍ-ների մրցույթը (տեսանյութ)

Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը տեղի է ունենալու 2021 թ․ սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։ Այս մասին հայտարարվեց մրցույթի վերաբերյալ ասուլիսի ընթացքում։  

Նշենք, որ մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։ Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը: Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում՝ կներառի առաջարկվող խնդիրների ցանկում: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են ս. թ. մայիսի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայտերի ընդունման փուլի ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը

Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Հիշեցնենք, որ անցած  տարի  57 տարեկանում է կյանքից հեռացել  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա մեծ ավանդ է ունեցել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացման, Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջոցով STEM կրթությունը հանրակրթական դպրոցներում ներդնելու գործում։