Բացել լրահոսը Փակել լրահոսը
2EAE5673-6301-44E5-ABA9-F49CDB80276B_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Մահմեդականները դժգոհ են իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Էիդ ալ-Ֆիթրը աշխարհի մահմեդականները սովորաբար տոնում են մեծ խանդավառությամբ: Սակայն այս տարի այն նոր երանգ է ստացել: Ու պատճառը համավարակը չէ: Պատճառը Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ սկսված բռնություններն են: Ամերիկայի մահմեդական կազմակերպություններն այս տարի հրաժարվել են այս տոնի կապակցությամբ Սպիտակ տանն անցկացվող ամենամյա միջոցառմանը մասնակցելուց:

Ինչպես Ամերիկա-մահմեդական հարաբերությունների խորհուրդ անվանումը կրող կազմակերպության պաշտոնայներից Ռոբերտ Մաքքոուն է ասում, այս կազմակերպությունը միացել է Ամերիկայի մահմեդական մյուս այն կազմակերպություններին, որոնք բոյկոտել են առցանց միջոցառումը: Պատճառն այն է, որ նրանք դժգոհ են Գազայի գոտում եւ արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների իրավունքների դեմ Իսրայելի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ Բայդենի վարչակազմի կողմից, իրենց խոսքերով ասած, ‘’հուսախաբ անող վերաբերմունքի’’ համար:

Ռամադանի ամսվա վերջն ազդարարող Էիդը Սպիտակ տանը նշում են Բիլ Քլինթոնի կառավարման տարիներից: Այս տարի Ջո Բայդենը որոշել էր այն անցկացնել առցանց:

Չնայած Բայդենը հայտարարում է, որ իր կառավարությունը շարունակելու է Իսրայելին ու պաղեստինցիներին միմյանց մոտ բերելու ջանքերը, հազարավոր մահմեդականներ էին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում մասնակցում բողոքի ցույցերի: Վաշինգտոնում, Նյու Յորքում ու Բոստոնում անցկացված ցույցերի մասնակիցները պահանջում են, որ Բայդենի վարչակազմն ավելին անի Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ մարդու իրավունքները ոտնահարելու քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ:

Փորձելով ապացուցել, որ Իսրայելը պաղեստինյան հատվածներն է ռմբակոծում որպես ինքնապաշտպանական քայլ, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ասել է, թե հակամարտությունը սկսվել է Համասի կողմից:

‘’Առաջին անգամը չէ, որ Համասը խառը կրակ է արձակում ընդդեմ Իսրայելի քաղաքացիական թիրախների’’, ասել է նա:

Շաբաթավերջին Ջո Բայդենը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ պաղեստինյան իշխանությունների ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Վարչակազմը նաեւ դեսպանորդ է ուղարկել տարածաշրջան:

Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, մինչեւ վերջին բռնությունները սկսվելը, Բայդենը մեծ ջանք չի ներդրել փակուղի մտած բանակցությունները վերակենդանացնելու հարցում: Եվ այժմ նա կանգնած է ավելին անելու ճնշումների տակ: Ճնշումը նկատվում է ոչ միայն Ամերիկայի մահմեդական կազմակերպությունների, այլ նաեւ երկրի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մեծաթիվ կոնգրեսականների կողմից: