Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում ունեցավ ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելեց, որ ռուսական կողմը բարձր է գնահատում եւ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին երկրորդեց, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրեց, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվեց Հայաստանի Հանրապետության եւ ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որեւէ ոտնձգության անթույլատրելիությունը:
 
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ: