Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետությունը անտեր է, միջազգային խաղաղապահներ են պետք․ լուծումը՝ նամակում (տեսանյութ)

«Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը նամակ փոխանցեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին։ Նամակով ցանկանում էին, որ նախագահը ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացնի ՀՀ տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով Հայաստանում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը։

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին և ՌԴ իշխանություններին նման է ծաղրի, քանի որ հենց Ռուսաստանի ղեկավարությունն է համակարգում ՀՀ դեմ իրականացվող ռազմական և քաղաքական սադրանքները», - ասված էր նամակում, որ ընթերցում էր կուսակցության քաղխորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը։

Հաշվի առնելով այն հայտարարություններն ու դիրքորոշումը, որ ցույց է տվել Արմեն Սարգսյանը, Արկադի Վարդանյանի կարծիքով՝ նա պետք է դրական արձագանք տա նամակին և ճիշտ ժամանակին դիմի միջազգային կառույցներին։

«Այս օրերին լուծվում են քաղաքակրթական հարցեր։ Ինչպես Եվրոպան, այնպես էլ ԱՄՆ-ը պետք է, որ մտահոգված լինեն ստեղծված իրավիճակով և օգնության ձեռք մեկնեն հայ ժողովրդին, Հայաստան պետությանը, որ փաստացի անտեր է մնացել։ Բայց մենք չենք կարծում, որ այսպես անտեր էլ կթողնենք։

«Մենք ենք տերը մեր երկրի»՝ ինչպես ասում են, և մենք մեր բոլոր լծակները, հեղինակությունը, ազդեցությունը կօգտագործենք մեր տարածքային ամբողջականությունն անսասան պահելու համար», - ասաց Արկադի Վարդանյանը։

Նա կոչ արեց արևմտամետ, պետականամետ, հակապուտինյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերին համախմբվել և փորձ անել միասնական ուժերով կանգնեցնել ադրբեջանցիների հերթական ոտնձգությունները։

«Ես կոչ չեմ անում գալ, համախմբվել Եվրոպական կուսակցության շուրջ, այլ համախմբվել գաղափարի շուրջ։ Մեր հասարակության մեծամասնությունը պետք է իր ուղեղից հանի այն լեգենդներն ու հեքիաթները, որ հրամցվել են վերջին 100 տարիների ընթացքում՝ սկզբից բոլշևիկյան, հիմա էլ պուտինյան պրոպագանդայի միջոցով», - ասաց Արկադի Վարդանյանը։

Արկադի Վարդանյանը նամակը հանձնեց Նախագահի աշխատակազմի Քաղաքացիների դիմում-բողոքների բաժնի պետ Աշոտ Ալոյանին, վերջինս էլ նշեց, որ ըստ սահմանված կարգի այսօր արդեն նամակին ընթացք կտրվի։