Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքն ու ադրբեջանցին հասկանում են, որ հաջորդ պատերազմները քաղցրահամ ջրերի համար են լինելու․ Գաբայան (տեսանյութ)

Թուրքն ու ադրբեջանցին մեծ ախորժակ ունեն այսօր տիրելու Արցախի, վաղն էլ Հայաստանի ռազմավարական ջրային ռեսուրսներին։ Այսօր ՀԱԿ համագումարի ընթացքում հայտարարեց Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանը։

Նրա խոսքով՝ թուրքն ու ադրբեջանցին շատ լավ գիտակցում են, որ 21-րդ դարը քաղցրահամ ջրի դար է և պատերազմները հրահրվելու են ջրային ռեսուրսներին տիրելու համար․

«Հայաստանը սակավաջուր երկիր է, սակայն միակ առավելությունն այն է, որ ջրերն առաջանում են իր տարածքում և հիմնականում դրանք քաղցրահամ ջրեր են։ Հայաստան-Թուրքիա սահմանին Ախուրյան գետի վրա 70 –ականների վերջերին կառուցված Ախուրյանի ջրամբարը հավասարապես օգտագործվում է երկու պետությունների կողմից»։

Ըստ Գաբայանի՝ Ախուրյանի Ղարսաչայ վտակի և Արաքս գետի վրա 10 տարուց ավելի Թուրքիան կառուցում է ջրամբարներ՝ կրճատելով մեր մասնաբաժինը․

«Հայաստանում առաջացած ջրային ռեսուրսների կեսից ավելին առանց օգտագործելու հոսում են դեպի Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան։ ՀՀ իշխանությունների համար այսօր, երեկ և վաղը ռազմավարական կարևոր նշանակության խնդիրը պետք է լիներ և լինի սեփական ջրային ռեսուրսները սեփական տարածքում ամբարելը և իր սեփական տնտեսական կարիքների համար օգտագործելը»։

Ըստ Գաբայանի՝ մեր ջրային ռեսուրսների կառավարումը մոտ ապագայում լինելու են գերտերությունների ճնշման, գուցե նաև արգելքի տակ։

Ջրային կոմիտեի նախկին նախագահն անդրադարձավ նաև Սևանա լճին, նշեց վերջինս շատ մոտ ապագայում կարող է դառնալ տարածաշրջանի խմելու ջրի մատակարարման աղբյուր, սակայն մենք պետք է վերականգնենք ջրի որակը և թեթևացնենք լիճը ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործելուց։

 

Մանրամասները՝  տեսանյութում