Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ դաշինքի՝ խորհրդարան անցնելու պարագայում պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն։

«Ում հետ կկազմվի կոալիցիա, կախված է անշուշտ ընտրությունների արդյունքից: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ մենք չունենք քաղաքական ամբիցիաներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ՀԱԿ-ի հետ համագործակցություն հնարավո՞ր է՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ոչինչ չեն բացառում, միայն բացառում են համագործակցությունը կեղծ ընդդիմության հետ, որոնք ուղղված են ձայների փոշիացմանը:

Անդրադառնալով նախընտրական ցուցակի հետ կապված հարցին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն կհրապարակվի շատ շուտով:  

Արձագանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք կազմեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և արդյոք հակասություններ չկան ՀՀԿ-ի և Վանեցյանի միջև, ասաց. 

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգն անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակազմի կողմից։ Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են, հավատացել է այն շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրեն հրամցվում էին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում, ճնշել ընդդիմախոսներին և կանգ է առել, ավելին՝ նա կոչ է արել դադարեցնել այդ մոտեցումը»:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում իրենց շանսերին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ձգտելու են առավելագույնին: