Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լավագույն լուծումն ինձ համար կլիներ գերեվարել այդ 250 հոգուն եւ փոխանակել եղած գերիների հետ․ Մարուքյան (տեսանյութ)

Ադրբեջանցիների գործողությունները սահմանը հատելու ժամանակ պետք է ի սկզբանե  փորձեին կանխել։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Որպես երկրորդ տարբերակ նա տեսնում է այն, որ եթե բանակցությունների ընթացքում Ադրբեջանը չզիջի, Հայաստանը կիրառի ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ։

«Այս պահին եղած բանակցություններն ու կիրառվող միջոցները, կարծում եմ, ճիշտ են։ Եթե այդպես է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի կիրառումը։ Բայց հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի», - ասաց Մարուքյանը։

Նրա կարծիքով՝ շատ ճիշտ քայլ էր ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետև անդամ պետության սահմանում հասունանում է նոր էսկալացիա։

«Սա ինձ համար ներքաղաքական բնույթի հարց չէ։ Մենք արտաքին թշնամու կողմից ստեղծված անվտանգային ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու։ Կոչ ենք անում մյուս քաղաքական ուժերին անել նույնը։ Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում սահմանի նկատմամբ, դա «Քաղաքացիական պայմանագրի» սահմանը չէ, Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, բոլորիս սահմանն է», - ասաց Մարուքյանը։

Խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից, նրա գնահատմամբ, բավականաչափ աշխատանք է տարվում իրավիճակը կարգավորելու համար։

Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանը որևէ կերպ չի հանդարտվելու, եթե հանդուրժենք այս դեպքը թե՛ մենք, թե՛ ՀԱՊԿ-ը։ Սահմանային բազմաթիվ տեղերում, ըստ պատգամավորի, Ադրբեջանն էլ զորք չունի, մենք էլ կարող ենք գնալ, մտնել, նույն բանն անել․ «Բայց երբ հայկական կողմն իրեն պահում է միջազգային իրավունքին և նոյեմբերի 9-ի փաստաթղթին համահունչ, սա չպետք է դառնա նոր սադրանքների առարկա» ։

Հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակներում՝ ադրբեջանական գործողություններն ագրեսիա չեն, այլ սպառնալիք․ թե ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից հարցին ի պատասխան Մարուքյանը նշեց, որ հայկական կողմը չի ցանկացել միանգամից կրակել իր ունեցած բոլոր փամփուշտները․ «Մենք կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, ոչ թե չորրորդ։ Սա նշանակում է, մենք միանգամից ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում, մենք էլ զորք ունենք և կարող ենք օգտագործել։ Մենք դիմել ենք դեռևս իրազեկելու նպատակով»։

Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, հարցին՝ արդյո՞ք հնարավոր է կրկին ռազմական դրություն հայտարարվի, Մարուքյանը պատասխանեց, որ նախ՝ ռազմական դրություն հայտարարում է Կառավարությունը և քանի դեռ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու հեռանկար կա, ճիշտ չի լինի ռազմական դրություն հայտարարել։

«Եթե կլինի էսկալացիա, բնականաբար կհայտարարվի ռազմական դրություն, որը կչեղարկի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված գրաֆիկը», - ասաց պատգամավորը։

Իրենց կուսակցության համագումարն էլ, ինչպես հայտնեց Մարուքյանը, չեղարկել են, քանի որ մարզերի՝ Սյունիքի, Գեղարքունիքի պատգամավորները պետք է լինեն տեղերում։

«Կուսակցական կամ նախընտրական աշխատանքները կասեցրել ենք՝ համագումարը տեղափոխելով։ Եթե այս իրավիճակը չհանգուցալուծվի, դա կբերի ռազմական դրության հայտարարման և ընտրություններ էլ չեն լինի», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

Սա այն Հայաստանը չէ, ինչ սեպտեմբերի 27-ից առաջ, կարծում է Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ եթե այս գործողությունները լինեին պատերազմից առաջ, այդ 250 մարդիկ գուցե չհասցնեին տեղ հասնել և բոլորը խփվեին․ «Լավագույն լուծումն ինձ համար կլիներ գերեվարել այդ 250 հոգուն և փոխանակել եղած գերիների հետ։

Քանի որ ասուլիսն ի սկզբանե ծրագրված էր նախընտրական թեմաներից խոսելու համար, անդրադարձ եղավ նաև «Լուսավոր Հայաստանի» ցուցակների՝ նոր դեմքերով համալրմանը։ Մարուքյանը նշեց, որ մարդկային ռեսուրսի առումով իրենք խնդիր չունեն, բայց, ամեն դեպքում, իրենց դռները բաց են։

«Մենք ժողովրդին ասում ենք՝ դուք ունեք այլընտրանք և դա «Լուսավոր Հայաստանն» է։ Այս իրավիճակում կա՛մ սև ես, կա՛մ սպիտակ, ասում են՝ որոշեք՝ ում եք ընտրում։ Ինձ համար բոլորը սև են, սպիտակ բան չեմ էլ տեսնում», - ասաց Էդմոն Մարուքյանը։