Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայտնի չէ՝ ով է ընտրվելու, ինչը կարող է ստիպել քաղաքական ուժերին կանգ չառնել ոչնչի առաջ․ քննարկում (տեսանյութ)

Իշխանությունն արտահերթ ընտրություններ է նախաձեռնել երկրում ստեղծված քաղաքական խորը ճգնաժամից դուրս գալու համար և դրանց անցկացումն առանց հստակ քաղաքական, որակական, բովանդակային քայլերի որևէ ճգնաժամից չի հանելու, այս կարծիքը «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Ավնիկ Մելիքյանին է։

Նրա խոսքով՝ այս ընտրությունները պետք է լինեն այնպես, որ քաղաքական ուժերը քաղաքացուն առաջարկեն ճգնաժամից դուրս գալու կամ հայերի անվտանգությունն ապահովելու, մի շարք խնդիրների լուծումները գտնելու տեսլականներ․

«Եվ դրա միջոցով մենք կկարողանանք որպես քաղաքացիներ ընտրել, մանդատ տալ որևէ քաղաքական ուժի և առաջ շարժվել։ Բայց դա իդեալական սցենարում է։ Ցավոք,  այն, ինչ տեսնում ենք այսօր, այնքան էլ թույլ չի տալիս համոզված լինել, որ մենք կունենանք այդ քաղաքական բարձր հատկանիշներով ընտրությունները», - ասաց Ավնիկ Մելիքյանը։

Պատճառները, նրա խոսքով, մի քանիսն են։ Առաջինն այն է, որ չի կարելի ակնկալել, որ կունենանք բազմապրոֆիլ քաղաքական դիսկուրս, քանի որ կա երկու բևեռ և նրանց անվերապահ աջակցող մարդկանց խումբ։ Այդ երկու բևեռներից դուրս կան քաղաքական ուժեր, որոնք պետք է և հենվում են իրենց գաղափարական աջակիցների վրա․

«Ցավոք, նաև չենք նկատում, որ գոյություն ունենա այս երկու բևեռներին լուրջ մարտահրավեր նետող ճակատ»։

Երկրորդ պատճառն էլ այն է, նշեց Մելիքյանը, որ քաղաքացիները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաճախ ասում են՝ դե, ո՞վ է հիմա ծրագրեր կարդում, ո՞վ է գաղափարի հետևից գնում և մարդկանց՝ ծրագրեր չկարդալը պատասխանատվությունից ազատվելու հեշտ միջոց է դառնում․

«Շատ ավելի հեշտ է կանգնել, ասել՝ նախկինները սենց են, նորերը ծախեցին, դավաճանեցին։ Եթե ոչ գաղափարական, ապա ինչի՞ հիման վրա են լինելու այս ընտրությունները։ Մարդկանց էմոցիոնալ շահագործման վրա։ Էմոցիոնալ առումով գերհոգնած հանրության վախերի, հույզերի վրա խաղալով քաղաքական ուժերը փորձելու են ձայներ հավաքել», - ասաց Ավնիկ Մելիքյանը։

Այս ընտրությունները էապես կտարբերվեն նախկիններից,- ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը․

«Պետք է արձանագրել, որ սա առաջին ընտրությունն է 20 տարուց ավելի, երբ մենք իսկապես չգիտենք՝ ով է ընտրվելու, ինչը թեժացնելու է պայքարը։ Այն կարող է ստիպել քաղաքական ուժերին կանգ չառնել ոչնչի առաջ։ Որքան էլ մենք հուսով ենք, որ չեն կիրառվի տարբեր լծակներ՝ վարչական ռեսուրսից սկսած մինչև քրեական», - ասաց Սոնա Այվազյանը։

Նրա խոսքով՝ մեծ առաջընթաց են համարում այն, որ Ազգային ժողովը հասցրեց փոփոխություններ մտցնել Ընտրական, Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում։

«ՀԿ Դեպո»-ի փորձագետ Իզաբելլա Սարգսյանի կարծիքով՝ ընտրությունների շատ ցածր մասնակցություն է սպասվում։ Անգամ 2018թ․ էյֆորյայի պայմաններում էր մասնակցությունը բավականին ցածր․

«Այս ընտրությունները ներքին համերաշխության հարցերը չեն լուծելու․ ներքին հակասություններն ավելի են սրվելու։ Միջազգային միջավայրում, իմ կարծիքով, անկախ ելքից, առանձնապես չեն ուժեղացնելու մեր դիրքը։ Անգամ եթե այս ընտրությունները կայանան, շատ հավանական է, որ շատ շուտ կլինեն նորից ընտրություններ։ Ամենամեծ ռիսկերը Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության, ինքնիշխանության հարցերն են», - ասաց Իզաբելլա Սարգսյանը։

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ, իր կարծիքով, Հայաստանում դեռևս ժողովրդավարություն չէ, սակայն 2018-ն ամենամեծ հնարավորությունը տվեց այն ունենալու։

«Մենք ներսում ունենք դեմոկրատիայի հետ կապ չունեցող ուժեր, որ, անկախ նրանից, թե ինչ է եղել անցյալ երկու տարիներում, ամեն ինչ անելու են ռևանշի հասնելու համար, ինչպես ցանկացած հակադեմոկրատական երկրում», - ասաց Համազասպ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգի տակ է նաև արտաքին գործոններով պայմանավորված։ Հարևան, ոչ բարեկամ երկրի ղեկավարը, ինչպես շատ բռնապետեր, խնդիր ունեն ժողովրդավարության մասին լսելու։

«Անձնական մակարդակում այդ մարդը շատ ծանր է տարել, երբ այս կողմից երկու տարի առաջ խոսք գնաց ժողովուրդների հետ խոսելու, ադրբեջանական ժողովրդի հետ խոսելու մասին», - ասաց նա։

Երեք տարի այս իշխանությունն իր իշխանությունը մարդկանց վրա փորձել է ծախել որպես ժողովրդավարություն, ասաց «Քաղաքացիական երկխոսություն» ՀԿ-ի համահիմնադիր Արամայիս Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ այս ընտրությունների ամենամեծ վտանգն այն  է, որ Հայաստանում երբեք այսքան թույլ իշխանություն ընտրություն չի կազմակերպել․

«Ազգային ժողովի դեմ մահափորձ իրականացրած անձինք այսօր շրջում են փողոցներում ու գլուխ են գովում, որ իրենք կալանքի տակ չեն։ Ինձ համար ընտրությունների կոնտեքստում ամենամեծ ռիսկը բուն ընտրություններն են, ընթացքը», - ասաց Արամայիս Ավետիսյանը։

Ավելին՝ տեսանյութում։