Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

26 ծառ, 26 պարող. նորաբաց պուրակ Երևանում (տեսանյութ)

Երևանի Օղակաձև զբոսայգում բացվեց հայ պարարվեստի մեծանուն վարպետներին նվիրված պուրակ։ Հինգ տարեկան 26 ծառերից յուրաքանչյուրը կրելու է հայ պարի անվանի վարպետներից մեկի անունը։ Գաղափարի հեղինակը  պարուսույց Մովսես Մարությանն  է․

«Իմ առաջին դասատուն եղել է Բորիս Գեւորգյանը, վերջին տարիներին, որպես հասուն մարդ, շարունակեցի Վանուշ Խանամիրյանի հետ աշխատելը, ծանոթացա շատ երախտավորների հետ, ինչպես՝ Նորայր Մեհրաբյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը։ Մտածեցի՝ ինչով կարող եմ օգուտ տալ ու գաղափարն այդպես ծնվեց։ Որոշեցի մեր հայ պարարվեստի բոլոր երախտավորների համար ծառատունկ կազմակերպել», - ասաց Մովսես Մարությանը։

Պարուսույց Կարեն Գևորգյանը նշեց, որ այս պուրակը բացառիկ և եզակի է անգամ աշխարհում․ պարարվեստի գործիչների անունով պուրակի մասին դեռևս չեն լսել։ Նրա խոսքով, այսօր Հայաստանում, ցավոք, չենք գտնի հուշամատյան, փողոց, թանգարան, որ անվանակոչված լինի պարարվեստի գործչի անունով․

«Այսօր այս պուրակում հավաքված պարարվեստի գործիչների ծառերը կխորհրդանշեն նրանց անցած ուղին, նրանց գործունեությունը՝ դրանով փառք ու պատիվ բերելով իրենց ծնող ժողովրդին, որ կոչվում է Հայաստան աշխարհ», - ասաց Գևորգյանը։

Պարային համարներից, ելույթներից հետո ծառերի վրա սկսեցին կախել հայ բալետմայստերների անունները։ Շատերը հենց իրենք էին ներկա ու անձամբ էին ծառին իրենց անունը կախում։ Սոֆի Դևոյանի համար հուզիչ ու կարևոր պահ էր, որ իրեն  հրավիրել ու անվանական ծառ են նվիրել․

«Իհարկե, հաճելի է, երբ քո ծոռնիկները կգան, կասեն՝ սա մեր տատա Սոֆայի ծառն է։ Ես կցանկանայի, որ այստեղ մի սրճարան լիներ, որտեղ կհավաքվեին պարարվեստի բոլոր ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ մենք իրար հետ խոսելու շատ բան ունենք, շփվելու կարիք ունենք», - ասաց Սոֆի Դևոյանը։

Միջոցառման վերջում պարարվեստի երախտավորների պուրակում տնկվեց 44-օրյա պատերազմում հերոսացած պարող տղաների և բոլոր զոհվածների հիշատակը հավերժացնող եղևնին։ Այն տնկեցին զոհված տղաների ծնողները։