Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իսրայելապաղեստինյան հակամարտության մեջ Թուրքիան երկակի խաղ է խաղում․ արևելագետ (տեսանյութ)

Պաղեստինաիսրայելական լարված իրավիճակը ունի միտումներ էլ ավելի սրվելու, և դա շատ վտանգավոր է ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքի, այնպես էլ խաղաղ բնակչության համար։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանը չի կարծում, որ իրավիճակը միտումնավոր է սրվել

«Սա կարող էր մնալ պարզապես միջադեպ, եթե չլիներ Ալ-Ակսայի հետ կապված այդ իսրայելական ոստիկանության անհամաչափ և ոչ քաղաքակիրթ գործողությունները»։

Ինչ վերաբերում է գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի դերակատարությանը, Սաֆրաստյանն ասում է՝ մասնավորապես ԱՄՆ-ն բավական մեծ հնարավորություններ ունի իրավիճակի վրա ներազդելու

«Ես կարծում եմ, որ ներկա փուլում իրավիճակի վրա ազդեցություն ԱՄՆ-ից չի լինի, որովհետև ԱՄՆ-ի միջամտությունը ակնհայտորեն կլինի հօգուտ Իսրայելի, իսկ ներկա փուլում, ես կարծում եմ, ամերիկացիները կփորձեն գոնե ներքուստ հեռու մնալ այս հակամարտությունից, որ արաբական աշխարհը, մահմեդական աշխարհն իրենց դեմ էլ ավելի չլարեն»։

Ռուսաստանի պարագայում, վերլուծաբանը կարծում է, որ քիչ լծակներ կան իրավիճակի վրա ներազդելու

«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի հետ, բայց չեմ կարծում, որ ռուսական միջնորդությունը որևէ իրական հենք ունի, որովհետև Ռուսաստանը չունի այն հեղինակությունը մերձավոր արևելքում, որն ուներ ժամանակին Խորհրդային միությունը»։

Արևելագետն անդրադարձավ նաև Թուրքիայի դերակատարությանը այս հակամարտության մեջ, նշեց՝ Թուրքիան հայտնվել է ծանր իրավիճակում

«Վերջին տարիներին Թուրքիան ակնհայտորեն ձգտում է մահմեդական աշխարհում ստանձնել առաջատար դիրքեր, և դա բխում է Էրդողանի անձնական ամբիցիաներից, ինքը իրեն փորձում է ներկայացնել որպես մահմեդական աշխարհի հեղինակավոր առաջնորդներից մեկը և դրա համար ջանքեր է գործադրում, առաջին ճանապարհը Թուրքիան ընտրել է Իսրայելի հետ հարաբերություններր վատթարացումը, բայց իրականում Թուրքիան և Իսրայելը և դեռևս 20-րդ դարի 90-ականների վերջերից հանդես են եկել որպես ռազմավարական դաշնակիցներ, և այդ դաշնակցային հարաբերությոսւնների  ետևում կանգնած է եղել ԱՄՆ-ը»։

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան իր կապերը Իսրայելի հետ ամենևին չի խզում, և հետախուզական ծառայությունների մակարդակով բավականին ինտենսիվ կապեր կան Իսրայելի հետ

«Թուրքիան Իսրայելի հետ ունի նաև որոշակի տնտեսական ընդհանուր շահեր, նաև Իսրայելը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում հանդես եկավ որպես Ադրբեջանի դաշնակից։ Ամփոփելով կարող ենք ասել, որ այո՛, արտաքուստ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես Պաղեստինի ժողովրդի շահերի պաշտպան, որպես ընդհանուր մահմեդական սրբավայրերի պաշտպան, բայց մյուս կողմից իր կապերը Իսրայելի հետ չի խզում և փորձում է Իսրայելին օգտագործել՝ իր ամբիցիաներն իրագործելու համար»։

 Սաֆրաստյանն ասում է՝ իսրայելապաղեստինյան հակամարտության մեջ Թուրքիան երկակի խաղ է խաղում։