Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մուտք գործած անձինք հարվածներ են հասցրել նշված բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը, նախնական տվյալներով, պատճառելով շուրջ 1.500.000  ՀՀ դրամի գույքային վնաս:

Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին