Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է ճանաչենք Արցախը՝ առանց վախերի․ Թեւան Պողոսյան (տեսանյութ)

«Իմ պատկերացմամբ՝ ամենացավալի ու  դաժան փուլն ենք հիմա անցնում, երբ հետպատերազմյան հոգեբանական սինդրոմներն են սկսում գլուխ բարձրացնել»,- «Տեսակետ» մամուլի ակումբում  հրավիրված  ասուլիսում  նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով  վերջին զարգացումներին։

Նրա խոսքով՝ թեեւ Ստեփանակերտում  կարելի է նույնիսկ ավտոմեքենաների խցանումների հանդիպել, այնուամենայնիվ Արցախի ապագան անկանխատեսելի է․ «Արտաքին միջազգային հարաբերությունների դաշտում չկա Արցախի խնդիր, հայկական կողմից որեւէ նախաձեռնողական բաներ չկան։ Ադրբեջանին արձագանքելու համար մեզնից օրեր են պահանջվում»։  

Թեւան Պողոսյանը հարցեր բարձրացրեց ՝ կապված Արցախի կարգավիճակի հետ․ «Հինգ տարի հետո ի՞նչ է լինելու, արդյոք կա՞ ազգային այն երազանքը, որ պետք է վերականգնենք մեր կորուստը, մեր հայրենիքը, թե՞ պետք է մարենք, եւ Հայաստանի հետ կապը մնացել է, կներեք, փոքրիկ այդ պորտալարի նման 5 կմ-անոց երեւույթը, այն էլ՝ շատ ժամանակ չպահպանվող»։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող վերջին միջադեպին՝ բանախոսը նկատեց․ «Եթե դա միայն ձնհալն է եւ պայմանավորված խնդիր է, ինչո՞ւ են զորքեր հանում։ Հայաստանում ամեն ինչի մասին խոսում են՝ բացի Արցախի ապագայից։ Պետք է ճանաչենք Արցախը եւ՝ առանց վախերի։ Պետք է քաղաքական իմաստով խաղը փոխենք»։ 

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ըստ մամուլի՝ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին առաջխաղացում է արել' օգտվելով նրանից, որ հայկական կողմը ձյան պատճառով չի պահպանել դիրքերը։

Թեւան Պողոսյանը նաեւ համեմատություն արեց՝  անդրադառնալով արաբա-իսրայելական  լարվածությանը։

Նա, օրինակ բերելով Իսրայելին, ընդգծեց․ «Երկիրը պետք է սովորի իր շահերով ապրել․․․ Այ ախպեր, 150 հազար հայի դարդը քաշի, բա 40 հազար ադրբեջանցին ինչի՞ չի գալիս մինչեւ հիմա»։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։