Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

«Ռոմայում» մտահոգված են Հենրիխ Մխիթարյանի ճակատագրով

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբում լրջորեն մտահոգված են Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակով։

Ինչպես նշում է Forzaroma կայքը, հռոմեական ակումբը չի ցանկանում կորցնել հայ ֆուտբոլիստին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։ Նա համարվում է թիմի առանցքային խաղացողներից մեկը։ 

Սակայն, Ժոզե Մուրինյոյին «Ռոմայ» նոր գլխավոր մարզիչ նշանակելուց հետո առաջ է եկել լուրջ խնդիր։ Պատճառն այն է, որ պորտուգալացի մասնագետի և հայ ֆուտբոլիստի հարաբերությունները բավական լարված են՝ սկսած «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու տարիներից։ Հենց այդ պատճառով Հենրիխ Մխիթարյանը հեռացել էր մանչեսթերյան թիմից։

Եվ ահա, նրանց ճանապարհները դարձյալ հանդիպել են իրար, այս անգամ Հռոմում։ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անում է, որպեսզի իր հաճախորդն իրեն երջանիկ զգա թիմում։

Հենրիխ Մխիթարյանը, որը բավական կապվել է Իտալիայի մայրաքաղաքի հետ, մտադիր է կարիերան շարունակել հենց «Ռոմայում»։ Ըստ որոշ աղբյուրների, ֆուտբոլիստը ցանկանում է նախ զրուցել Ժոզե Մոուրինյոյի հետ, հետո նոր որոշում կայացնել պայմանագիրը երկարաձգելու մասին։

Պորտուգալացի մասնագետն իր հերթին հասկանում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի և ֆինանսական ճգնաժամի պայմաններում հնարավոր չէ իրականացնել մեծ թվով տրանսֆերտներ, իսկ Հենրիխ Մխիթարյանի նման փորձառու խաղացողը դեռևս կարող է օգուտ տալ թիմին։

Այն, թե ինչպիսի որոշում կկայացնեն կողմերը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Նշենք միայն, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով այժմ հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում իտալական «Յուվենթուսը» և ռուսական «Զենիթը»։