Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Քաղաքականություն

«Սասնա ծռեր»-ի գործն արդեն Վերաքննիչ դատարանում է

Մայիսի 20-ին Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը։ 

  Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե՛ մեղադրող, եւ թե՛ պաշտպանական կողմերը։ 

  Պաշտպանական կողմը   վերաքննիչ բողոքներում պահանջում է առաջադրված մեղադրանքներում արդարացնել  ամբաստանյալներին՝ ճանաչելով եւ հռչակելով իրենց անմեղությունը՝ հանցանքների կատարման մեջ մեղսագրված արարքների կատարմանն իրենց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով կամ գործն ուղարկել այլ կազմով  նոր քննության։

 Իսկ ահա մեղադրող կողմը պահանջում է  ամբաստանյալ Արմեն Ռաֆիկի Բիլյանին մեղավոր ճանաչել նաև 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ: Ամբաստանյալ Սմբատ Վարդանի Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկում :

   Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց  Գագիկ Մկրտչյանի գործը վերադարձնել դատախազին՝ նրա սպանության հանգամանքները պարզելու նպատակով։

   «Սասնա ծռեր»-ի մյուս անդամները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եզիազարյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը, մեղավոր ճանաչվեցին  մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

 Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվեցին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը,  Արեգ Կյուրեղյանը  եւ Արմեն Բիլյանը դատապարտվեցին 9 տարի 6 ամսվա,  իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8  տարի  6 ամսվա ազատազրկման։

   Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։  

Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից, դատախազը նրա համար պահանջում էր 21 տարի։

   Վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը Ալեքսանդր Ազարյանն է։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ գործով մյուս դատավորները պետք է լինեին Լուսինե Աբգարյանը եւ Ռուզաննա Բարսեղյանին։ 

   Սակայն տեղի է ունեցել դատավորների փոխարինում։ Ռուզաննա Բարսեղյանին  կփոխարինի  Մխիթար Պապոյանը, իսկ Լուսինե Աբգարյանին՝ Սերգեյ Մարաբյանը։