Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի նշանակած կադրերից մեկը Ռ․ Քոչարյանի, մյուսը` Սերժ Սարգսյանի հետ է. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Եթե նախկին իշխանություններն իշխանափոխության օրակարգ ունեն, ուրեմն՝ իրենք պետք է քաղաքական գործընթացներից դուրս գան։ ԱԺ ճեպազրույցների ժամին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց նորաստեղծ «Հայաստան» դաշինքի վերաբերյալ հարցադրմանը։

Նրա խոսքով՝ իշխանությունն ուռճացնում է նախկինների վերադարձի հարցը,  իսկ նախկիններն իրենց մասնակցությամբ այս առումով օգնում են Նիկոլ Փաշինյանին․

«Բոլորն էլ հայտարարում են, որ գնում են իշխանությունը վերցնելու, բայց պետք է տեսնել՝ ինչ են առաջարկում ժողովրդին։ Վերջին հաշվով երեք տարի առաջ հեղափոխությունը չի եղել Սերժ Սարգսյանի դեմ, եղել է համակարգի դեմ իր բոլոր դերակատարներով։ Հիմա եթե այդ դերակատարների մի մասը մտածում է, որ մերժվել է Սերժ Սագսյանը, ոչ թե իրենք, սխալվում են, նույն համարգն է»։

Մարուքյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարման խնդիր ունի, հիշեցնում է՝ նրա օրոք ղեկավարած ԱԱԾ տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, այսօր Սերժ Սարգսյանի հետ դաշինք է կազմել, իսկ ոստիկանապետը՝ Վալերիյ Օսիպյանը, ով կրկին նշանակվել էր Փաշինյանի օրոք, ասում է, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին․

«Հեղափոխության ռեֆորմները տապալվել են այդպես։ Փաշինյանի նշանակած կադրերից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի»։

Մարուքյանն ասում է՝ իրենք այլընտրանք են, և քաղաքացին պետք է ընտրի իրենց, ԼՀԿ ղեկավարը  դժգոհում է, որ նախկին իշխանություններին սատարող և պատկանող լրատվամիջոցները իրենց եթեր չեն տրամադրում։

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ և՛ նախկինների վերադառնալու, և՛ ներկաների վերընտրվելու պարագայում ատելության ու վիրավորանքի դիսկուրսը շարունակվելու է։

Էդմոն Մարուքյանը բացառեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ԼՀԿ-ն կոալիցիա կկազմի ընտրություններից հետո։