Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հուսով եմ՝ Հայաստանի քաղաքացու հիշողությունը պինդ և ամուր է․ պատգամավորը՝ Քոչարյանի հնարավորությունների մասին (տեսանյութ)

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն փաթեթը, որն ընդունվեց անցած շաբաթ, չի ենթադրում որևէ փոփոխություն հունիսի 20-ի համար։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ վտանգի տակ էր դրվելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե փորձեին ընդունել մեծ փաթեթը, և նախագահը չստորագրեր։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ անդրադարձավ երեկ ձևավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» «Հայաստան» դաշինքին․

«Ես չգիտեմ՝ ինչքանով է Սահմանադրությանը համահունչ որպես նախընտրական դաշինքի նպատակ ներկայացնել ոչ թե որպես ընտրություններում հաղթանակ տանելը, այլ օրիական ընտրված իշխանություններին հեռացնելը»։

Ինչ վերաբերում է Քոչարյանի հաղթելու հնարավորություններին, Վարդանյանն ասում է․

«Ես հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացու հիշողությունը բավականին պինդ և ամուր է, ինչ վերաբերում է դաշինքին, ես ցավում եմ, որ մենք չենք խոսում գաղափարների մասին, մենք խոսում ենք անձանց մասին, իմ կարծիքով՝ այդ դաշինքի մեջ կան նաև այլ սուբյեկտներ, որոնք բավականին երկար պատմություն ունեն, և չի կարելի այդ դաշինքը կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ»։

Վարդանյանը նաև  նշեց, թե երեկվա հանրահավաքին չի հետևել և տպավորություն արտահայտել չի կարող։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ հույս ունի, որ ՀՀ քաղաքացիների հիշողությունը բավականին պինդ է, Վարդանյանը պարզաբանեց․

«Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայում, եթե ինչ-որ մեկը հիշի Հյուսիսային պողոտայի կառուցումը, ՄԻԵԴ-ի որոշումները, որոնք կայացվեցին Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո, եթե ինչ-որ մեկը հիշի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, կարծում եմ՝ պատասխանը պարզ կլինի»։

Հակառակ դիտարկմանը, թե եթե ինչ-որ մեկը հիշի պատերազմն ու 5000 զոհերը, Վարդանյանը հակադարձեց․

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ պատերազմը ՀՀ-ն է սանձազերծել, եթե ինչ-որ մեկը կասի, որ այդ պատերազմը չի խախտել ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, եթե ինչ-որ մեկը ասի՝ այդ պատերազմը չի եղել շղարշ ցեղասպան քաղաքականության շարունակության, նրա հետ կարելի է համաձայնել ինչ-որ առումով, բայց այդ պատերազմի նպատակն էր հայ ինքնության վերացումը, և այս իշխանությունը, մենք բոլորս պայքարել ենք, բայց ուժերն անհավասար էին»։

Վարդանյանը պնդեց՝ չի համարում, որ սա պարտություն էր, և մենք շարունակելու ենք պայքարել մեր ինքնությունը պահպանելու համար։