Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո՛,նախկինները ունեցել են սխալներ, բայց Փաշինյանը իրավունք չունի դրանց մասին խոսել․Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին հանձնվել է ուժեղ բանակ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, նրան հանձնվել է մի երկիր, որը ուներ պետականություն, հավատ երկրի ապագայի հանդեպ։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրեց բանակի և ազգային հերոսների հեղինակությունը, հրահրեց և պատճառ դարձավ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի․

«Այդքանից հետո նա դեռ համարձակություն ունի՞ խոսելու նախկինների մասին, նախկինների սխալների մասին այս դաշինքը պատրաստ է խոսել, ընդունել այդ սխալները, իսկ ինչի՞ է պատրաստ Նիկոլ Փաշինյանը, նորից փորձել ապականել ապագան, ո՞վ է խոսում ապագայի մասին, մի մարդ, ով ավերել է ներկան,  ով կործանել է 5000-ից ավելի երիտասարդների, 10000 ավելի երիտասարդների դարձրել է հաշմանդամ, այդ մա՞րդն է այսօր խոսում վաղվա Հայաստանից, այդ մարդը վաղվա Հայաստանում տեղ չպետք է ունենա»։

«Ա1⁺»-ի հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունները չունեն իրենց մեղքի բաժինը Արցախի խնդրի այսպիսի հանգուցալուծման համար, Մինասյանն ասում է․

«Այն, ինչ այսօր Արցախի հետ կատարվել է, մեղք չունեն, բայց կան սխալներ, թերություններ, որոնք բերել են այս իրավիճակին։ Մինչև թիվ մեկ դավաճանին իշխանության հասնելը, պետք է լուծված լինեին որոշ հարցրեր, այստեղ բացթողումներ, սխալներ կան, բայց այն, ինչ մենք ունեինք, առնվազն ստատուս քվոն մինչև այս իշանության իշխանազավթումը, բոլոր իրավունքներն ու հնարավորությունները տալիս էր պահպանել անվտանգության միջավայրը»։

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը անդունդի եզրին  է կանգնեցրել, հետևաբար՝ իրավունք չունի խոսել նախկին սխալների մասին․

«Այո՛,նախկինները ունեցել են սխալներ և դրանց մասին պետք է հրապարակային խոսվի, բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի դրանց մասին խոսել»։