Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանը պարզաբանում է, թե ինչու դաշինք կազմեց ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ (տեսանյութ)

Երկիրն ունի կառավարման, տնտեսական ճգնաժամ, երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ և պետք են ուժեր ու մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն` այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար, -այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի հուշագրի ստորագրելուց առաջ։ Այն ստորագրեցին ՀՅԴ ,  «Վերածնվող Հայաստան»  կուսակցությունները եւ Ռոբերտ Քոչարյանը։

Նա բացատրեց՝ ինչու ընտրեց այս ուժերին։

 «Ինչո՞ւ Դաշնակցություն, որովհետև սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է նաև, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիներին` նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները` կան», - ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան»-ին՝ նա նշեց`այն ծնվել է Սյունիքում և տարածվում է Հայաստանով: Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված` մենք մնալու ենք գործուն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ.

«Հիմա ինչո՞ւ պետք է այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության խորհրդանիշը, մեր պարտության դեմքը, մեր պարտության ձայնը և այսպիսի դեմքով ու ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց` հանարվոր չէ առաջ գնալ` ժողովրդի ճակատին նման կնիք ունենալով. «Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհերի համար, 11.000 վիրավորների համար և 35.000 անօթյան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, բերում է տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է»:

Դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը, Քոչարյանի խոսքով, ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան իշխանության մնան այս մարդիկ: Եվ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի:

Այս իշխանությունը, ըստ նրա,  հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը։

«Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտն ավելի քան 2 մլրդ դոլարով, ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության` այս իշխանության օրոք երեք տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Թե ի՞նչ են իրենք պատրաստվում անել իշխանության գալով` Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջինը պետք է հաշվել երկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում` տնտեսություն, իրավական համակարգ, կրթություն և այլն: Անմիջապես պետք է անցնել հակաճգնաժամային քայլերի` կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնեցնեն տնտեսական անկումը, վերականգնել երկրի վարկն ու կանխատեսելիությունը.

«Մենք վաղուց կորցրել ենք վստահելի ընկերոջ, գործընկերոջ համբավը նաև միջազգային ասպարեզում: Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում և ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու: Նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արել ենք, վստահ եմ` ի վիճակի ենք այդ ամենը կրկնել: Մենք խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: