Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0142053
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մենք վերահաստատում ենք ուղիղ 6 ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը» (տեսանյութ)

Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է` համակողմանի ճգնաժամի մեջ ենք` ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ելույթում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝  ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի հետ ` «Հայաստան» դաշինքի հուշագիրը ստորագրելուց առաջ:

Սաղաթելյանն ասաց` շարունակում են իրենց պայքարն ընդդեմ ստի, ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության:

«Մենք վերահաստատում ենք ուղիղ 6 ամսի առաջ սկսած մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը: Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի: Մենք դա անելու ենք, անելու ենք միասին, հանուն Հայաստանի», - ասաց Իշխան Սաղաթելյանը: Առաջիկա ընտրությունները, նրա խոսքով, սովորական չեն: Սա մեր կյանքի ամենապատասխանատու և ճակատագրական ընտրությունն է. «Սա ընտրություն է ազգայինի ու ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անկեղծության և ստախոսության միջև: Սա պետություն ունենալ չունենալու ընտրություն է», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իրենց նորաստեղծ դաշինքը, ինչպես ասաց Սաղաթելյանը, հրաշքներ չի խոստանում, բայց երաշխավորում է քրտնաջան աշխատանքով արագորեն երկիրը դուրս բերել այդ վիճակից: Իրենք, նրա բառերով, դա մեկ անգամ արդեն արել են Ռոբերտ Քոչարյանի հետ և պատրաստ են անել նաև հիմա:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ ելույթում ասաց, որ հայ ժողովուրդը հիմա ապրում է շատ բարդ ժամանակներում, արցախյան վերջին պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների համար.

«Այս իշխանություններն այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում: Այսինքն, մենք ապրում ենք ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած, այլև նոր աղետների նորաշեմին: Արցախին արդեն իսկ հասցված վնասներին զուգահեռ այս իշխանություններն իրական վտանգ են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար», - ասաց Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով` Հայաստանն այսօր գնում է ոչ միայն սխալ, այլև կործանման տանող ճանապարհով և հենց այդ գիտակցումն է իրենց ստիպել հանդես գալ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ. «Անհատապես կայացած լինելով ամենատարբեր ասպարեզներում` մենք միևնույն ժամանակ արձանագրեցինք, որ առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրա, այդ համոզմամբ հիմնեցինք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: Մենք սյունյաց կուակցություն ենք մեր ակունքներով, սակայն մեր գաղափարներով և ծրագրերով համապետական քաղաքական ուժ ենք», - ասաց նա: