Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Պուտին
A A
Պաշտոնական

Փաշինյանի ուղերձները Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։

 

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար,  ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:

 

Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:

 

Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն  հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում  բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։

 

Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է

 

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր անօրինակ հերոսություն և անձնազոհություն ցուցաբերեցին նացիզմի դեմ պայքարում` արժանի օրինակ դառնալով ներկա և ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների դրսևորած միասնականությունը և ոգու արիությունը, բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը հետայսու ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հետևողական խորացման համար:

 

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»: