Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընտրությունից մի քանի օր առաջ կտրուկ մթնոլորտ է փոխվելու․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Ոչ թե պետք է հաշտվել պարտության մտքի հետ, այլ դեպի նոր հաղթանակներ գնալու նոր մեկնարկ ազդարարել, ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը «Հաղթանակ» զբոսայգում:

Նրա խոսքով` Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի, պետք է այդ մտքով ապրել ու մանկապարտեզ գնացող երեխայից սկսած այդ օրակարգն առաջնային դարձնել:

«Բոլորս պետք է ապրենք հստակ նոր օրակարգով, թե ի՞նչ օրակարգով, պետք է ձևավորվի հունիսի 20-ից հետո եկող նոր իշխանությունը», - ասաց Միքայել Մելքումյանը:

Նրա կարծիքով` պատերազմն անպայման ունենալու է նաև քաղաքական հետևանքներ ներկայիս իշխանությունների համար: Ժողովուրդն ինքն է որոշելու հետևանքները ընտրությունների ժամանակ. «Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ որոշումներ կընդունի: Մեր պատմության մեջ արկղի մեջ թուղթ գցելով չի եղել: Ընտրությունից մի քանի օր առաջ կտեսնեք, որ կտրուկ մթնոլորտ է փոխվելու: Այսօր մարդիկ կան, որ ասում են` չկողմնորոշված են, մենք տեսնելու ենք, որ կամաց մեր ժողովրդի զգայարանները տանելու են նրան, որ պետք է փոփոխություն լինի», - ասաց պատգամավորը:

Հարցին, թե ժողովո՞ւրդն էր որոշել, որ լինեն արտահերթ ընտրություններ, թե՞ քաղաքական ուժերը նրանց փոխարեն, Մելքումյանը պատասխանեց, որ ինչպես իրենք են ասում` իշխանափոխություն անելու օրինական ճանապարհը ընտրությունն է, թե ով է ինչ որոշել, բնականաբար առաջ են մղել քաղաքական ուժերը:

«Բայց մենք տեսանք, որ ա նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ ամիսների ընդդիմության համախմբված պայքարը  արդյունքի չբերեց, քանի որ մենք չէինք ուզում, որ ինքը գնար հակաօրինական ճանապարհով, հիմա օրինական ճանապարհով քայլ անելու ժամանակն է», - ասաց Միքայել Մելքումյանը: