Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Աբովյանը ԲՀԿ-ի՝ Փաշինյանի հետ դաշինք կազմելու մասին (տեսանյութ)

Ոչ ոքի չի ստացվի մեզ խաբել թուրքերի կամ ադրբեջանցիների հետ շինծու բարեկամական թեզերն առաջ բրդելով. մենք դատապարտված ենք հաղթել թուրք-ադրբեջանական ֆաշիզմին, այս մասին «Հաղթանակ» զբոսայգում Անմար կրակի մոտ Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

Նա նշեց, որ եթե պատրաստակամություն չկա ամբողջովին զոհաբերվելու և նվիրաբերվելու, որ, օրինակ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի գմբեթից հայկական եկեղեցու ղողանջները մենք լսենք, ուրեմն իմաստ չունի ամեն ինչ:

«Պետք է ոչ միայն մտածենք հաղթանակի մասին, այլ ամեն մարդ, որ իրեն համարում է հայ, ամեն օր, ամեն վայրկյան ապրի միայն մի գաղափարով` անել ամեն ինչ, որ երկիրը տնտեսապես, ռազմական առումով, դիվանագիտական առումով հզորացնի: Եվ ոչ միայն խոսքերով», - ասաց Արման Աբովյանը:

Այն մարդիկ, որ հույսեր են փայփայում թուրքերի և ադրբեջանցիների, հետ պայմանավորվելու, նրա խոսքով, փաստացի մոտեցնում են նոր արհավիրքը, նոր պատերազմն ու նոր կոտորածը:

Ընտրությունների և հավանական նոր իշխանությունների վերաբերյալ նա զերծ մնաց գնահատականներ տալուց, բայց մեծագույն հույս ունի, որ ազգն ու ժողովուրդը կանի այն ընտրությունը, որ թույլ կտա մնալ ազգ ու ժողովուրդ, այլ ոչ թե դառնալ թուրքի և ադրբեջանցու բաժին:

ԲՀԿ-ի և Նիկոլ Փաշինյանի հավանական դաշինքի մասին հարցին Աբովյանը պատասխանեց, որ հասկանում է այն ուժերին, որոնց ականջներն են երեւում  այդ խոսակցությունների շուրջ, բայց մի բան կարող է ասել` իրենք գնում են հաղթելու, միանշանակ ձևավորելու կառավարություն և իշխանության գալու. «Խորհուրդ եմ տալիս բոլորին զերծ մնալ մնացած ասեկոսեներից և խոսակցություններից ու տրամաբանություն միացնել և մտածել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գնում է առանձին, կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Ծառուկյանն է, մենք գնում ենք հաղթելու», - ասաց Արման Աբովյանը: