Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այն, ինչ եղել է, ըստ էության` 1-1 է, և այդ 1-1-ը կարող է դառնալ 2-1, 3-1` ի օգուտ մեզ. Մարուքյան (տեսանյութ)

Յուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, հաղթանակը դարձնել ուժեղ պետություն, բոլորս էլ այսօր տեսնում ենք, որ մենք դա լավ չենք արել, այս մասին «Հաղթանակ» զբոսայգում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը` Անմար կրակի մոտ՝ Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

Նրա խոսքով` այսօր տխուր օր է դարձել բոլորի համար, նախորդ տարիներին  քայլելիս մարդիկ իրար հրում էին, այնքան մեծ էր մարդկանց հոսքը, բոլորն իրար շնորհավորում էին, բայց հիմա ո՛չ այդքան մարդ կա, ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ հպարտություն. կոտրված ենք բոլորս. «Այսօր, այո՛, եռատոն ենք նշում, վերջին հաշվով Շուշին ազատագրել ենք, չէ՞: Հիմա գրավել են, բայց այդ եռատոնը ազատագրելու մասին է, որ կարողացել ենք ազատագրել, դա նշանակում է, որ էլի կարող ենք ազատագրել: Եռատոնը չի վերացել, պետք է ժողովրդին ասել` եկեք այստեղ, եկեք Եռաբլուր», - ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ այսօրվանից պետք է ոտքի կանգնել, համախմբվել ամբողջ հայությամբ` նոր հաղթանակների ձգտելու համար. «Այն, ինչ եղել է, ըստ էության` 1-1 է, և այդ 1-1-ը կարող է դառնալ 2-1, 3-1` ի օգուտ մեզ, եթե կարողանանք ուժեղ պետություն կառուցել: Իսկ մենք կարող ենք ուժեղ պետություն կառուցել, 10 միլիոնանոց ազգ ենք», - ասաց Էդմնոն Մարուքյանը:

Հարցին` արդյո՞ք Շուշին հանձնած այս իշխանությունը բարոյական-քաղաքական պատասխանատվության տեսանկյունից իրավունք ունի՞ անցնացնել եռատոնը, Մարուքյանը պատասխանեց, որ բարոյական-քաղաքական պատասխանատվությունը հունիսի 20-ին կորոշի ժողովուրդը:

«Ես այսօր չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմային: Ես հպարտ եմ, որ իմ պապերը հաղթանակ են տարել, հպարտ եմ, որ մեր հայրերը հաղթանակ են տարել, հպարտ եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները հզոր կռիվ են տվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ», - ասաց ԼՀԿ ղեկավարը: