Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

«Արցախպրես»-հաղորդմամբ՝ մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում  մատուցվել է ոգեկոչման կարգ, կայացել է ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի, որը տանում էին զինվորականները:

Խաչերթին են միացել նաև արցախցի ուսանողներ և պատանիներ՝ Արցախյան պատերազմում նահատակված հայ զինվորներին իրենց երախտագիտությունը արտահայտող պաստառներով :

Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:
 
«Ինչպես ասում է Սուրբ Գիրքը, հույսը երբեք չի ամաչեցնում:Այս օրերին, ապրելով Արցախում և Մայր հայրենիքում, տեսնում ենք, որ փոթորկալից է մեր հոգին և միտքը: Պետք է խաղաղեցնենք ու խաղաղ հոգով կարողանանք ապահովել վաղվա մեր խաղաղությունը՝ մեր մեջ ունենալով Աստծուն:Ուստի ապրելով այս օրերում՝ մեր համախմբվածությամբ՝ մեր մտքի մեջ պետք է լինի մեկ կարևոր նշանաբան՝ միաբանվել մի գաղափարի շուրջ,որը նպաստում է հայապահպանությանը»,-ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը խաչերթն անհրաժետություն համարեց՝ հոգեպես վերածնվելու և ներքուստ վերակազմավորվելու ու վերաիմաստավորվելու տեսանկյունից: «Պատմականորեն ծանր ժամանակահատված ենք ապրում, բայց մենք պարտավոր են և պետք է կորուստներին ու տառապանքներին դիմակայելով ազգանպաստ, հեռահար ու նոր ծրագրեր մշակենք և առաջ գնանք»,-ասաց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այդ է թելադրում մայիսի 9-ի խորհուրդը:
Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ: