Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում 75%-ով հնարավոր է բուժել. դասընթացներ բժիշկների համար,որոնք կարող են ներդրում ունենալ այդ գործում (տեսանյութ)

Արյունաբանական կենտրոնում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը դասընթացներ է անցկացնում բժիշկների համար՝  աջակցելու քաղցկեղի վաղ ախտորոշմանը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ մեկ տարուց ավելի մասնագետները նախապատրաստվել և հետազոտություններ են արել՝ նյութերը հավաքելու, դրանք մատչելի դարձնելու և դասընթացը կազմակերպելու համար, քանի որ որքան շուտ է ախտորոշվում քաղցկեղը, այնքան բուժման հավանականությունը մեծ է։

Նույնը փաստում է նաև ուռուցքաբան Լիլիթ Սարգսյանը. «Մետաստատիկ փուլում սովորաբար երեխաների 100%-ից 20%-ն է առողջանում, ոչ մետաստատիկ ուռուցքների ժամանակ, երբ դրանք դեռ տարածված չեն, վաղ են ախտորոշվել, երեխաների 70-75%-ը կարողանում է առողջանալ»։

Էսթեր Դեմիրճյանը նշում է, որ դասընթացներին մասնակցում են բոլոր այն բուժաշխատողները, որ կարող են ներդրում ունենալ վաղ ախտորոշումը խթանելու հարցում։  Այն հիմնականում առաջնային օղակի բուժաշխատողների համար է։ 

«Հետազոտությունների ընթացքում պատրաստած նյութերն անպայման բաժանվելու են հնարավորինս շատ բժիշկների։ Այդ կատարված հսկայական աշխատանքի նպատակն այն չէ, որ պահվի մի խմբի համար, ընդհակառակը, որքան շատ մարդ դրանից օգտվի, այնքան լավ», - նշեց Էսթեր Դեմիրճյանը։

Դասընթացները շարունակական են լինելու, սակայն թեմաները տարբեր են, մասնագետների ընդգրկվածությունը՝ նույնպես։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հիմնական նպատակը քաղցկեղով հիվանդ երեխաներին և երիտասարդներին ու նրանց ընտանիքներին աջակցելն է։ Հիմնադրամը և մինչ օրս աջակցել է 400-ից ավելի երեխայի՝ տրամադրելով մոտ 700 մլն դրամի օգնություն։

Արյունաբանական կենտրոնում ներկայումս  ստացիոնար բուժում ստանում է 50 երեխա. տարեկան էլ  մինչև 18 տարեկան  երեխաների մոտ 100 ախտորոշում է լինում: