Բացել լրահոսը Փակել լրահոսը
b9b3b485bb88a5bb703c2260e1581394
A A
Պաշտոնական

Հայփոստը կրճատումներ չի իրականացնում․ հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ շրջանառվող լուրերը իբրև Հայփոստում կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը:  Հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։ 

Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։  Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի  զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն: 

Ի դեպ, հայտնում ենք, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ:  

Նաև նշենք, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին  հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին  հայտարարությունները հրապարակվում են Հայփոստի կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: 

Հարկ ենք համարում նշել, որ Հայփոստը առևտրային կազմակերպություն է, որը գործում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով, իսկ  ընկերության որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով ձևավորված կառավարման մարմինների կողմից: Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից: 

Տեղեկացնում ենք նաև, որ աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։ Գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը պարունակում է հետևյալ փուլերը.

  • Բոլոր աշխատողները գրավոր կարգով իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին,
  • Աշխատակիցները պարբերաբար և բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման գործընթաց, որը կազմակերպվում է ընկերության կողմից՝ համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով,
  • Ուսուցման գործընթացներին հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի և ժամանակի մասին և վերջիններիս տրամադրվում է գիտելիքների ստուգման թեմաներն ու նյութերը,
  • Գիտելիքների ստուգման գործընթացը արձանագրվում և տեսաձայնագրվում է,
  • Գիտելիքների ստուգման գործընթացի արդյունքներով 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլի, իսկ մինչև 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում և լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչև 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները և իրականացնելու հաճախորդների սպասարկում:      

Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական և աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընգրկվում։ Ամեն հերթական ատեստավորման համար կազմվող հարցաշարերը ընդգրկում են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումներով պայմանավորված, այդ պահի դրությամբ ընկերությունում գործող համապատասխան ընթացակարգերից բխող հարցեր։

Հայփոստ ՓԲԸ