Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իշխանությունը շահագրգռված չէ, որ վարչական ռեսուրսի վերաբերյալ կարգավորումները ուժի մեջ մտնեն․ Իոաննիսյան (տեսանյութ)

Այսօր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդունվող որևէ կարգավորում չի տարածվելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, ինչը խնդրահարույց է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Առաջիկա ընտրությունները, որոնց վրա տարածվելու են այս կարգավորումները, լինելու են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները, ընդհանրապես հիմնավորված չէ 24-ժամյա ռեժիմով այս կարգավորումներն ընդունելը, կարելի էր ընդունել սովորական ռեժիմով, քննարկումներով, հանրային լսումներով»։

Իոաննիսյանի խոսքով՝ քարոզարշավի ֆինանսավորման և կանոնակարգումների հետ կապված բազմաթիվ դրույթներ նախագծից ուղղակի հանվել են, սրանք, ըստ բանախոսի, նպաստելու էին ընտրությունների որակի բարձրացմանը․

«Եթե շտապելու տեղ չունեինք առաջիկա ընտրությունների համար, կարող էինք հանգիստ քննարկել և հասկանալ»,-նշեց Իոաննիսյանը։

Բանախոսը տպավորություն ունի, որ իշխանությունները շահագրգռված չեն, օրինակ, որ վարչական ռեսուրսի հետ կապված կարգավորումներն ուժի մեջ մտնեն․

«Վարչական ռեսուրսի հետ կապված մի շարք կարգավորումներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի կողմից հավանության էին արժանացել, ոչ միայն այս ընրություններում չեն կիրառվելու, այլ նաև ընդհանրաապես հանվելու են։ Շատ կարևոր էր, որ վարչական ռեսուրսը չազդի ընտրությունների արդյունքների վրա, այսինքն՝ ընտրվող կուսակցության հավաքած ձայների վրա վարչական ռեսուրսն ունենա նվազագույն ազդեցություն և այդ նախագիծը բավականին  նվազեցնում էր այդ ռիսկը»։

Իոաննիսյանը հայտնեց՝ Վենետիկի հանձնաժողով է ներկայացվել նախագիծ, որը հավանության է արժանացել, բայց ընդունվող նախագիծն էականորեն կրճատվել է։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենսդրական փաթեթով նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:

Այսօր նախատեսված է նախագծի երկրորդ ընթերցումը։