Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեզ հայելիներ են պետք, որ տեսնեք, թե ինչքան կամազուրկ եք․ Բաբաջանյանը՝ իշխանությանը (տեսանյութ)

Ձեզ հայելիներ են պետք, որպեսզի դուք իրապես հասկանաք՝  ինչքան անբովանդակ են ձեր հայտարարությունները, հանձնառությունները, որքան կամազուրկ եք դուք, թե ինչպես ենք մենք հայտնվել այս իրավիճակում ձեր կամքի իսպառ բացակայության պատճառով։ ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մարտի 1-ի գործով ՍԴ-ի անունից հանդես եկող այդ խմբակը, որի առնվազն 3 անդամներին մենք անցյալ տարի աշնանը ուղարկեցինք դատարան, նրանք հանդես եկան մի որոշմամբ, որը որևէ պատճառաբանություն կամ հիմնավորում չունի։Այդ բազմությունը կատարեց այն, ինչ ծրագրավորվում էր, և ինչի համար պայքարում էր նախորդ խումբը։ Թերևս Թոխյանը, Գյուլումյանը ավելի որակյալ որոշում կկայացնեին, քան ձեր պաշտպանած Շաթիրյանը, Վաղարշյանը և Խունդկարյանը»։

300,1 հոդվածի մասով ՍԴ-ի կայացրած որոշումը Բաբաջանյանը գնահատեց քաղաքական․

«ՍԴ անդամները Սահմանադրությանը ծառայելու և այն պաշտպանելու փոխարեն իրենց լիազորությունները ծառայեցրին Սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական կարգի դեմ հանցավոր արարքները տապալելու նպատակով, կա բոլորիս աչքի առաջ տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը, հանցավոր համաձայնությունը բացահայտված է 85 հատոր գործի նյութերով, որն ուղարկվել է դատարան, ապացույցները կան, բայց հոդվածը չկա, և ըստ էության, մարդը, ով սկսել էր ժողովրդի ջարդը, իր բնորոշմամբ, թատերական հրապարակում, մայիսի 9-ին որոշել է վերադառնալ հրապարակ և ձեր թողտվությամբ, ձեր կամքի բացակայությամբ մարդը քաղաքական հայտ է ներկայացնում»։

Դիմելով դատախազությանը՝ Բաբաջանյանն ասաց՝ ամենամեծ բանը, որ արել ենք, տապալումն է եղել և հանրության վստահությունն ու ակնկալիքը մսխելը։

Անկախ պատգամավորը հիշեցրեց՝ անցած երեք տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում ոչ մի շոշափելի արդյունք չունեք, մինչ այս պահը նույնիսկ մեկ հայտնի կոռուպցիոների գործով չունենք ուժի մեջ մտած դատական ակտ, ավելին՝ մեծ մասը լքել են Հայաստանը և թաքնվել քննությունից․

«Ձեր և մեր քաղաքական հակառակորդները ինչո՞ւ շնորհակալ չեն  այսպիսի իշխանությանը, ինչո՞ւ նրանք չեն երկրպագում ձեզ, որովհետև դուք ուղղակի նվեր եք այս հանցագործների և մեր պետության և ժողովրդի դեմ այս հանցագործությունները իրագործողների համար»։

Բաբաջանյանը պնդում է՝  ստեղծված իրավիճակի համար իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, իրավական քաղաքականության տապալման համար էլ պետք է պատասխանատվություն կրեն Արդարադատության նախարարությունը և Դատախազությունը։