Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

«Մենք մատաղի գառներ չենք»․ ավտոբուսներով մասնակի փակեցին փողոցը (տեսանյութ)

Տուրիստական տրանսպորտային ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում ՎՏԲ բանկի գլխավոր մասնաճյուղի մոտ՝ մի քանի ավտոբուսներով մասնակի փակելով Մոսկովյան փողոցը։

Ասոցիացիայի նախագահ Արմեն Աբգարյանի խոսքով՝  բանկերն ու հատկապես ՎՏԲ բանկը սկսել են տույժեր կիրառել տնտեսվարողների նկատմամբ այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից հավաստումներ են ստացել, որ շուտով Կառավարության 25-րդ միջոցառումը կերկարաձգվի ևս 4 ամսով և այս հարցը կլուծվի․

«Նույնիսկ նամակները ստանալուց հետո ՎՏԲ բանկի դեպարտամենտի ղեկավարը խիստ տոնով ասել է՝ ոչ մի բան չի օգնի, ձեր ժամանակավոր կառավարությունը հետաքրքիր չի մեզ և նորից շարունակում են կիրառել տույժեր։ Մենք ուզում ենք ի լուր բոլոր բանկերի և Կառավարությանը հայտարարել, որ մենք մատաղի գառներ չենք», - ասաց Աբգարյանը։

Նրա խոսքով՝ իրենք ոչ թե անպատասխանատու վարկառուներ են, որ ժամանակին չեն վճարում իրենց պարտավորությունները, այլ տիրող իրավիճակն ու իրենց աշխատանքի ոչ այնքան լավ շրջանն է ստիպում այժմ փոխզիջումներ սպասել:

«Դեռ տարի ու կես առաջ բոլոր բանկերն իրար հետևից ընկած զանգահարում և խնդրում էին, որ իրենց բանկի հաճախորդը դառնանք։ Ժամանակավոր են բոլոր բարդությունները, տուրիզմը նորից զարգանալու է և դառնալու է ձեզ համար ամենացանկալի ոլորտը։ Պետք չի այսօր հարվածել այդ ճյուղերին։ Մենք չենք նշում, որ այն վարկառուները, որ տարի ու կես առաջ պարտաճանաչ չէին մարում վարկերը, իրենց օգնեք։ Բայց ձեր գործընկերներին, նախկին պարտաճանաչ վարկառուներին ընդառաջեք», - ասաց Արմեն Աբգարյանը։

Կառավարության 25-րդ միջոցառման երկարաձգման դեպքում, նրա խոսքով, վարկերի տոկոսների 75%-ը սուբսիդավորում է պետությունը, 25%-ը՝ տնտեսվարողը։ Երբ ներկայացրել են իրավիճակը ՎՏԲ բանկի ղեկավարին, նա հավելյալ երաշխիքներ է ուզել, նույնիսկ Էկոնոմիկայի նախարարության ուղարկած նամակը չի բավարարել․

«Չի կարող տնտեսվարողը սպասել նրան, որ կգան իրեն իր երեխաների հետ կհանեն դուրս և կփորձեն վաճառել այդ գույքը։ Բանկերի համար ընդամենը 2-3 շաբաթ սպասելու խնդիր էր», - ասաց նա։

Արմեն  Աբգարյանը նաև նշեց, որ Կառավարությունը օգնության համար չափանիշներ է սահմանել, ըստ որոնց՝ տուրիստական որոշ ընկերություններ փոխհատուցվում են, որոշները՝ ոչ։ Նրա կարծիքով՝ սա խտրական վերաբերմունք է և այն ընկերությունները, որոնց օգնություն չի տրամադրվում, ծանր վիճակում են։

Ասոցիացիայի նախագահը նշեց՝ իրենք նպատակ չունեն քաղաքը մեքենաներով փակելու ու կոլապսային իրավիճակ ստեղծելու, սակայն այս պահին այլ ելք չեն տեսնում։

 Ակցիայի մասնակիցներին բանկից հրավիրել էին հանդիպման և քննարկումների։ Հանդիպումից հետո նրանք հայտնեցին, որ բանկի ղեկավարությունը խոստացել է փոխզիջումների գնալ և սպասել՝ մինչև Կառավարության աջակցության ծրագրի ժամկետների երկարաձգումը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման  նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։

Տրանսպորտային ընկերություններին  տրամադրվել է 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը պետք է նպաստեր վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։