Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջին նախագահի հայտարարությունից տարակուսած եմ․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմում եղած մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, նրա հայտարարությունը տարկուսանք է առաջացրել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից՝ գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

«Այն շարժումը, որի մաս եմ կազմել ես և շատ քաղաքացիներ, և որի տրամաբանական շարունակությունը 2008-ից հետո եղել է 2018 թվականին՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա»։

Մակունցը նշեց՝ սովոր ենք առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, Մակունցն ասաց՝  մայիսի 10-ից հետո կներկայացնեն ցուցակները, կլինեն նոր մարդիկ, իսկ ցուցակը կազմվելու է «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը լինելու է «Ապագա կա» և ընտրությունների գնալու է միայնակ, առանց դաշինքի։